երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աջապահյանի եղբորորդուն բերման են ենթարկել ու  դաժան ծեծել․ «Հրապարակ»

Աջապահյանի եղբորորդուն բերման են ենթարկել ու դաժան ծեծել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունների՝ հոգեւորականների դեմ պայքարը ներխուժում է ներանձնական տարածք։ Փետրվարի 23-ին Երեւանից Գյումրի գործուղված ոստիկանական ուժերը բերման են ենթարկել իշխանությունների կոկորդին կանգնած Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդուն։ 31-ամյա երիտասարդին բերման են ենթարկել իբր թմրանյութերի դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում․ Շիրակի «քաղմասում» նրան դաժան ծեծի են ենթարկել, նոր միայն բաց թողել։

Աջապահյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը եւ մանրամասներ պատմեց․ «Երեւանից էին` ինչ-որ հատուկ վարչությունից, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում են բերման ենթարկել, քաղաքից 15-20 հոգու բերման են ենթարկել՝ ներառյալ իմ եղբորորդուն: Բնականաբար, ընտանիքի անդամներին ահաբեկելով՝ առավոտ լուսումութին, հետո էլ ծեծի են ենթարկել։

Սա արել են Երեւանի ոստիկանները, Գյումրիի ոստիկանները կապ չունեն կատարվածի հետ»։ Աջապահյանի եղբորորդին մասնագիտությամբ ճարտարապետ է: Հարցրինք՝ կատարվածը պայմանավորվա՞ծ է իշխանությունների հասցեին իր սուր քննադատությամբ։ «Իրենց հարցրեք․․․ Եթե 15-20 հոգի բերման է ենթարկվում, բայց միայն մեկին են ծեծի ենթարկում, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում»։

 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: