ԱՀԿ-ն մե՞զ էլ է սխալ ցուցումներ տվել. պատգամավորի հարցը Թորոսյանին՝ կապված կորոնավիրուսի հետ
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին, թե արդյոք ԱՀԿ-ի մեզ տված ցուցումները ճի՞շտ են եղել, պատասխանեց, որ իրենք կարողացել են այս ժամանակահատվածում պատշաճ գնահատել կորոնավիրուսով պայմանավորած՝ աշխարհում տիրող իրավիճակը՝ օգտագործելով բոլոր հնարավոր աղբյուրները։
Պատգամավորը հարցրեց. «Երեկ Թրամփը քննադատել է ԱՀԿ-ին եւ սառեցրել ԱՄՆ աջակցությունը՝ ասելով, որ ԱՀԿ-ն ճիշտ ցուցումներ չի տվել ԱՄՆ-ին, կարո՞ղ է՝ մեզ էլ են սխալ ցուցումներ տվել, որի պատճառով սկզբից դուք ասում էիք, որ վիրուսն այդքան էլ վտանգավոր չէ, հետո քաղաքականությունը արմատապես փոխվեց»:
Նրան ի պատասխան՝ Թորոսյանն ասաց, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է, եւ ինչպես մենք ենք ստանում աշխարհում տիրող իրավիճակի մասին ինֆորմացիա, այնպես էլ կիսվում ենք մեր ունեցած ինֆորմացիայով։
Նա նշեց. «Մենք ունենք նաեւ այլընտրանքային աղբյուրներ մեզ տրված ինֆորմացիան գնահատելու համար։ Դրանք մեր դիվանագիտական ներկայացուցչություններն են տարբեր երկրներում․ օրինակ՝ հենց հիմա ես ամենօրյա կապի մեջ եմ Իրանում մեր դեսպանի հետ, պարտադիր չի՝ միայն ԱՀԿ-ից ստանամ ինֆորմացիա, թե ինչ է տեղի ունենում Իրանում։ Ես համարում եմ, որ մենք կարողացել ենք այս ժամանակահատվածում պատշաճ գնահատել աշխարհում տիրող իրավիճակը օգտագործելով բոլոր հնարավոր աղբյուրները»:



