չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Աղվան Վարդանյանը 4 հարկանի առանձնատնից բացի՝ «կղզի ունի Դավթաշենում», որը գրանցված է Զովունի գյուղում

Աղվան Վարդանյանը 4 հարկանի առանձնատնից բացի՝ «կղզի ունի Դավթաշենում», որը գրանցված է Զովունի գյուղում

Օրեր առաջ համացանցում մի շքեղ՝ 4 հարկանի առանձնատան լուսանկարներ էին տարածվել: Նշվում էր, որ տունը պատկանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին:

Օգտատերերի շրջանում հատկապես քննարկման առարկա էր դարձել այն հարցը, թե տարբեր պետական պաշտոններում աշխատած Աղվան Վարդանյանին որտղի՞ց նման դրամական միջոցներ, որ կարողացել է ձեռք բերել շուկայական՝ մոտավորապես 400-600 հազար դոլար արժողությամբ բնակարան։

«Հայկական Ժամանակ»-ին հաջողվել է պարզել, որ առանձնատունը գրանցված է Աղվան Վարդանյանի որդու՝ Վահե Աղվանի Վարդանյանի անունով։ Ի դեպ, այս մասին կարելի է տեղեկանալ նաև Աղվան Վարդանյանի տարեկան հայտարարագրից, ում որդու՝ Վահե Աղվանի Վարդանյանի անունով կա միանձնյա սեփականություն նշված տարածքում։ 

Սակայն ուշագրավն այն է, որ Աղվան Վարդանյանի 4 հարկանի առանձնատան հասցեն գրանցված է Կոտայքի մարզի Զովունի գյուղում, այնինչ առանձնատունը փաստացի գտնվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում։

Մեզ նաև հաջողվել է պարզել տան հասցեն՝ Կոտայքի մարզ, Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 39 փողոց, 2-րդ նրբանցք, 15/2։

Առնվազն տարօրինակ է այն փաստը, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող՝ Աղվան Վարդանյանի 4 հարկանի առանձնատունը գրանված է Զովունի գյուղում։ Կարելի է ենթադրել, որ դա արվել է կամ այն պատճառով, որ Զովունիում հողերը համեմատաբար շատ ավելի էժան են, առանձնատուն կառուցելու համար՝ այն ձեռք բերելը ավելի շահեկան, կամ Երևանում անշարժ գույքի, այս դեպքում 4 հարկանի առանձնատան տարեկան գույքահարկը շատ ավելի թանկ արժե, քան Զովունի գյուղում։

Ստորև ներկայացված է Աղվան Վարդանյանի 4 հարկանի առանձնատան Google Earth-ով արված լուսանկարը։

 

Սրանից ակնհայտ է դառնում, որ առանձնատունը գտնվում է Դավթաշենում: Անգամ առանձնատան հետևում գտնվող ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնն են գտնվում նույն վարչական շրջանում, չնայած նրան, որ դրանք ավելի մոտ են Զովունի գյուղին։

Ստացվում է, որ Աղվան Վարդանյանին հաջողվել է Երևանի մեջ 4 հարկանի առանձնատնից բացի՝ նաև «կղզի» ձեռք բերել, որը փաստացի Երևանում է, բայց կապ չունի Երևանի հետ։ 

  • Կիսվել: