ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Աղջիկս ամեն օր զանգում, հարցնում է` ինչու տուն չես գալիս». «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն

«Աղջիկս ամեն օր զանգում, հարցնում է` ինչու տուն չես գալիս». «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն

Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը վստահեցնում է, որ իրենք պայքարելու են այնքան ժամանակ, մինչև բուժվի կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը։

«Մեր հիվանդանոցն առաջինն ընդունեց այս մարտահրավերը, օրեցօր սկսվեց պացիենտների հոսքը, ծանրաբեռնվածությունը մեծացավ։ Հիմա ամբողջ կոլեկտիվով` տնօրենից մինչև բանվոր, համատեղ պայքարում ենք համավարակի դեմ և ատամներով պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրվելը», – ասաց նա։

Դավիդյանցը խոստովանեց, որ արդեն չի հիշում` երբ է վերջին անգամ եղել տանը։ Նա բազմաթիվ այլ բուժաշխատողների հետ մեկուսացված է Երևանի հյուրանոցներից մեկում, որպեսզի ընտանիքի անդամների հետ անմիջական շփում չլինի։ Հյուրանոցում մի քանի ժամ հանգստանալուց հետո վերադառնում են հիվանդանոց։

«4.5 տարեկան աղջիկս ամեն երեկո, մոտավորապես 10:30 պարտադիր զանգում է ինձ քնելուց առաջ և հարցնում, թե ինչու տուն չեմ գալիս։ Ասում եմ, որ շատ հիվանդներ ունենք, ինքն էլ սկսում է հարցնել` այն դեղը, որ տալիս եք, չի՞ օգնում, այլ դե՞ղ եք տալիս, որ օգնի», – ժպտալով պատմում է բժիշկը։

Դավիդյանցի կինն ասել է, որ փոքրիկը չի քնում, մինչև չի լսում հայրիկի ձայնը։ Բժիշկը խոստովանում է, որ ինքն էլ է շատ կարոտել ընտանիքին, ասում է` բացի ընտանիքիս կարոտից, կնոջս պատրաստած սոլյանկան ու տոլման եմ կարոտել։

Դավիդյանցը չցանկացավ կանխատեսել, թե կոնկրետ երբ կնահանջի համավարակը, բայց հուսով է, որ արդեն մայիս–հունիսին իրավիճակը կբարելավվի։

«Մեր կոչն է` մնացեք տանը, որովհետև քաղաքում աժիոտաժ կա նույնիսկ ուշ ժամերին։ Հյուրանոց գնալու ճանապարհին երբեմն տեսնում ենք` փողոցներում գրեթե այնքան մարդ կա, որքան սովորական օրերին։ Հորդորում ենք տանը մնալ, իսկ գանգատներ ունենալու դեպքում դիմել բժիշկներին։ Մենք ձեզ կօգնեք», – իր խոսքը եզրափակեց հիվանդանոցի տնօրենը։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բուժվում է կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը։ Բուժաշխատողները պատմել էին, թե քանի օր չեն եղել տանը և ինչ ցանկություններ ունեն ներկա պահին։

Նշենք, որ ապրիլի 16-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1159–ի։ Միայն 48 դեպք գրանցվել է վերջին մեկ օրում։ Համավարակի ամբողջ ընթացքում բուժվել է 358 մարդ, մահացել` 18-ը։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։ Ապրիլի 11–ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։ Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։

  • Կիսվել: