ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աղազարյանի մասնակցությամբ առաջին միջադեպը չէ. «Հրապարակ»

Աղազարյանի մասնակցությամբ առաջին միջադեպը չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում երեկ տհաճ միջադեպ է տեղի ունեցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ: Պատգամավորն ավտոմեքենայով գնալիս նկատել է, որ հենց փողոցում, ոչ թե մայթի վրա, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրած՝ կարտոֆիլ են վաճառում եւ խցանում են առաջացրել փողոցում։ Իջնելով ավտոմեքենայից՝ պատգամավորը դիտողություն է արել կարտոֆիլ վաճառողին, նա էլ վրդովված հակադարձել է, թե երեխա է պահում, երկիրն էն վիճակի են հասցրել, որ ապրուստի այլ միջոց չկա։

Կողմերի միջեւ լեզվակռիվը վերաճել է քաշքշուկի, պատգամավորին հրել-գցել են գետնին, Աղազարյանը զանգահարել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, ներկայացրել է կատարվածն ու հորդորել, որ վերահսկի թաղամասը, թաղապետն էլ տեղում զանգել է ոստիկանություն։

Աղազարյանին տարել են բաժին՝ հարցաքննության, իսկ ավելի ուշ քննչականից հայտնեցին, որ նա տուժող է ճանաչվել, կարտոֆիլ վաճառողն էլ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանության հատկանիշներով։ Թաղամասի եւ երեկվա միջադեպի ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ Հովիկ Աղազարյանն առաջին անգամ չէ, որ իր թաղամասում նման միջադեպերի մեջ է հայտնվում։

Մեր զրուցակիցը կատակեց, թե Կոմիտասում ապրող Աղազարյանը կես դրույքով էլ թաղապետ է աշխատում եւ համայնքում ապօրինություններ անողների հետ պարբերաբար մենամարտերի է բռնվում։ Սրանից որոշ ժամանակ առաջ էլ նման միջադեպ է եղել ոստիկանության հարակից տարածքում ապօրինի ավտոտնակ տեղադրող քաղաքացիներից մեկի հետ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: