ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանը փորձում է առանց պատերազմի նոր տարածքներ գրավել. բնապահպանը` Լաչինի դեպքի մասին

Ադրբեջանը փորձում է առանց պատերազմի նոր տարածքներ գրավել. բնապահպանը` Լաչինի դեպքի մասին

 Բնապահպանության քողի տակ Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել, որպեսզի մարդիկ լքեն իրենց տարածքները։ «Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։

Բնապահպանը նշեց, որ Ադրբեջանը Արցախի մի քանի հանքեր հավատարմագրել է անգլոասիական կորպորացիայի կառավարմանը և այսպիսի ակցիաներով, իբրև թե մոնիթորինգի նպատակով, փորձում են ներխուժել այդ տարածքներ։

«Բնապահպան կոչեցյալների կողմից, որ փորձում են ճանապարհ բացել դեպի Կաշեն և խոսում են մոնիթորինգի մասին, դա առանց պատերազմի այդ տարածքները զավթելն է։ Բնապահպանության անվան տակ քաղաքական և տնտեսական խնդիր են լուծում»,–ասաց նա։

Բնապահպանները նշում են, որ պատրաստվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված նամակներ ուղարկել միջազգային համապատասխան մարմիններին, սակայն հույս չունեն, որ այն որևէ արդյունք կունենա, ինչպես արդյունք չի ունեցել Ադրբեջանի կողմից 44–օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորի կիրառման դեպքում։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանն այս թեմայով հավելեց.
«Միջազգային կազմակերպությունները սոլիդարության կոչեր կարող են հնչեցնել կամ դատապարտել. այդպիսի դեպքեր եղել են, բայց եթե մենք խոսում ենք պատասխանատվության ենթարկելու մասին` որպեսզի քո պահանջները լինեն ազդեցիկ, պետք է որպես պետություն ունենաս ազդեցություն»։
 
Դուլգարյանի խոսքով` ՀՀ–ի և Արցախի բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան գործունեություն իրականացնեն, պետք է իրենք ամեն տարի կամ երեք տարին մեկ մոնիթորինգ իրականացնողներ հրավիրեն, որոնք կկազմեն զեկույցներ և կլինի գնահատական։ Եթե լիներ այդ փաստաթուղթը, Ադրբեջանի վերջին սադրանքը, ըստ նրա, չէր լինի։
Խոսելով 44–օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունների մասին` բնապահպանը նշեց, որ միայն հոկտեմբերի 27–ից մինչև նոյեմբերի 2–ը սպիտակ ֆոսֆորի հետևանքով այրվել մոտավորապես 1815 հա անտառ։
 
«Պատերազմի ընթացքում այնպիսի զինամթերքներ են կիրառվել (հատկապես սկսած հոկտեմբերի 27–ից), որոնք պարունակում են սպիտակ ֆոսֆոր, քիմիական էլեմենտներ և այլն։ Սա հետազոտություններն է ցույց տվել։ Հատկանշականն այն է, որ բացի էկոլոգիական վնասներից, մարդկային մեծ վնասներ են եղել, քանի որ այնպիսի անտառներ են խոցվել, որոնք մոտ են բնակավայրերին»,–ասաց Դուլգարյանը։

  • Կիսվել: