շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միջանցքը,  երեխաների կրթություն ստանալու իրավունքն է խախտել. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս հարցով դիմել է թե՛ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուշադրություն հրավիրի երեխաների հիմնարար իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով:

Այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով,  որ միջազգային կառույցների հասցեական արձագանքը և քայլերը շատ կարևոր են և  կնպաստեն իրավիճակի արագ հանգուցալուծմանը:

Նա ասաց,  որ  առաջին իսկ օրվանից իրենք մշտական կապի մեջ են Արցախի հետ և համապատասխան աշխատանքային կապերի շրջանակներում ստանում են տեղեկատվություն ու փորձում են հասկանալ՝ ինչո՞վ կարող են աջակցել:

«Իհարկե, բոլորի առաջնային խնդիրը օր առաջ վերադառնալն է իրենց հարազատների և ընտանիքների մոտ: Բայց պետք է ասեմ, որ  Գորիսում բոլոր կառույցները, մարզպետարանը  հենց առաջին ժամերին ապահովել են անհրաժեշտ կեցության  և սննդի ծախսերը: Զրուցեցի երեխաների և նրանց ուղեկցողների հետ, կարծես թե այդ մասով բոլոր խնդիրները կարգավորված են, և այս պահին էլ կարիքների գնահատում արվում է, հասկանանք ինչի՞ կարիքը կա, որպեսզի այդ ամենը շատ արագ կարգավորվի»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարը շեշտեց, որ առաջին իսկ պահից բոլոր դպրոցներին ասվել է, որ երեխաները ցանկացած օր կարող են գնալ և իրենց համապատասխանող դասարանում մասնակցել դասապրոցեսին, որպեսզի և՛ բաց չթողնեն դասերը, և՛  նոր ընկերներ ձեռք բերեն ու դրական միջավայրում հոգեբանական աջակցություն ստանան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: