երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանի զինծառայողները Սյունիքի գյուղերում ականներ են տեղադրում` կենդանիներ են սատկում․ Թաթոյան

Ադրբեջանի զինծառայողները Սյունիքի գյուղերում ականներ են տեղադրում` կենդանիներ են սատկում․ Թաթոյան

Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի գյուղերում ականներ են տեղադրում, ինչի հետևանքով հայ գյուղացիներից շատերի կենդանիները սատկում են։ Այս մասին այսօրբմամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է նոր ականներ տեղադրել և հրաժարվում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց։

«Ադրբեջանցիներն ագրեսիվ ապատեղեկատվություն են տարածում։ Այն, ինչ իրենք են անում, «գցում են» հայկական կողմի վրա ու ագրեսիայի հիմքեր են ստեղծում։ Դրանցից ամենավառ օրինակն ականների տեղադրման հարցն է։ Մենք խոսում ենք մարդկանց հետ և պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինծառայողները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում, քանի որ կենդանիներ են սատկում ականների պայթյուններից, մարդիկ էլ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը։ Ադրբեջանական զինծառայողները բացի նմանատիպ քայլերի դիմելուց, նաև պարզապես զավթել են հայկական հողերը, արոտավայրերը, տները»,– նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով` ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ տարբերակով փորձում է հայաթափել այդ հատվածները։

 

  • Կիսվել: