հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանցիներն անասուններին հետ են տվել, բայց ցորենի արտերը չեն թողնում հնձենք. Շադունց

Ադրբեջանցիներն անասուններին հետ են տվել, բայց ցորենի արտերը չեն թողնում հնձենք. Շադունց

Խնածախում ադրբեջանցի սահմանապահների տարած կովերին հաջողվել է վերադարձնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Առավոտյան 6-7 կողմերը զանգ եմ ստացել, որ ադրբեջանցի սահմանապահները անասուններից 3-ին քշել-տարել են։ Զանգեցի մեր բանակային կորպուսի հրամանատարին, հետո կապ հաստատեցինք ռուս սահմանապահների և խաղաղապահների հետ, 2.5 ժամվա բանակցությունների արդյունքում անասուններին հետ ենք բերել»,- ասաց նա։

Միջադեպի պահին հովվի հետ արոտավայրում է եղել նաև նրա 13-ամյա որդին, որը, ըստ գյուղապետի, գնացել էր հորն օգնելու։ Ադրբեջանցի սահմանապահները նկատել են, որ անասուններից 3-ն անցել են իրենց տարածք, անմիաջապես տարել են։ Շադունցի խոսքով` զենք չեն գործածել, տղան էլ չի վախեցել։

«Անասունների աջ կողմից հայրն է քայլել, ձախից` 13-ամյա տղան։ Տղայի կողմից գնացող կովերից 3-ը մի 3-4 մետր անցել են դեպի ադրբեջանցիների կողմը, նրանք էլ սուսուփուս քշել են, տարել։ Զենք չի ուղղվել երեխայի ուղղությամբ»,- նշեց Շադունցը։

Կեսօրին ևս մեկ միջադեպ է գրանցվել. Տեղ համայնքի ղեկավարն ասում է`այս անգամ ադրբեջանցիները չեն թողել, որ գյուղացիները ցորենի արտերը հնձեն, վերջիններս էլ թողել-հեռացել են։

«Ցորենի դաշտերն էին հնձում, որը գտնվում է միջանցքի տարածքում, եկել են, ասել, որ «իրենց» տարածքները չմտնեն։ Ասում են` միջանցքը չեն տվել դաշտերը հնձելու համար, միջանցքը տվել են որպես ճանապարհ։ Ինչ հնձել հնձել ենք, ինչը չենք հնձել` վերջ»,- հավելեց Շադունցը։

Նշենք, որ այսօր առավոտյան լրատվամիջոցները գրել էին, որ Խնածախում ադրբեջանցի սահմանապահները 13-ամյա հովվից 3 խոշոր եղջերավոր անասուն են խլել։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

  • Կիսվել: