կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աբովյանում պարեկները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2-ամյա տղային ծառայողական ավտոմեքենայով հասցրել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Աբովյանում պարեկները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2-ամյա տղային ծառայողական ավտոմեքենայով հասցրել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Վահան Թորոսյանն ու Ջուլիետտա Առուշանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի կին, մի տղա, կնոջ գրկում էլ երեխա ու խնդրում են պարեկներին, որպեսզի իրենց և երեխային շտապ հասցնեն մոտակա մանկական հիվանդանոցներից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ, «Աբովյան» բժշկական կենտրոնում մանկական բաժանմունք չունեն, պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով ամուսիններին ու երեխային տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները տեսնելով երեխայի վիճակը նրան շտապ տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ամուսինները մարզերից մեկի բնակիչներ են, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխան 2-ամյա տղա է, անունը՝ Վարդան։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ծնողները իրենց շնորհակալանքի խոսքն էին ուղղում պարեկներին ու բժիշկներին, ասելով․ «Երեխայի մոտ տանը ուժեղ ցնցումներ սկսվեցին, իքնազգացողությունը վատացավ, գույնն էլ այլայլվեց։ Դե մեր մոտ չկա էդ հարմարությունները հիվանդանոցային, ասինք մեր մեքենայով տեղափոխենք հիվանդանոց։ Բայց ճանապարհին մենք խառնվում էինք իրար ու տեսանք, որ երեխան էլ ավելի է վատանում։ Նկատեցինք պարեկներին, մոտեցանք ու խնդրեցինք, որպեսզի մեզ ուղեկցեն, բայց ոչ միայն ուղեկցեցին, այլ իրենք իրենց ավտոմեքենայով մեր բալին հասցրին հիվանդանոց, որտեղ էլ վստահ ենք, որ բժիշկները Աստծո կամոք կփրկեն մեր տղայի կյանքը։ Կրկին մեր շնորհակալանքի խոսքն ենք ուղղում պարեկներին, որոնց շնորհիվ շատ արագ երեխային հասցրեցինք հիվանդանոց ու այդտեղ էլ մեր շնորհակալանքի խոսքն ենք ուղղում բժիշկներին։ Երեխան էլ մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ»։

  • Կիսվել: