երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները հյուրընկալվել էին ՇՄ նախարարությունում

Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները հյուրընկալվել էին ՇՄ նախարարությունում

Այսօր Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները հյուրընկալվել էին Շրջակա միջավայրի նախարարությունում։ Անձամբ ընդունեցի նրանց և պատասխանեցի երիտասարդներին հետաքրքրող հարցերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

՛՛Ողջունելով ուսանողներին նախարարությունում՝ շեշտեցի երիտասարդների դերի ու մասնակցության կարևորությունը էկոլոգիական դաստիարակության և երկրի առջև ծառացած բնապահպանական խնդիրների լուծման գործում:

 Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացրեցի Շրջակա միջավայրի նախարարության համակարգման տիրույթում գտնվող ոլորտները, նախարարության կառուցվածքը և գործառույթները, անդրադարձել ոլորտում իրականացվող բարեփոխումներին, գերակա խնդիրներին և առաջնահերթություններին։

 Ուսանողների հետ հարցուպատասխանի միջոցով բավականին անմիջական ու բովանդակալից զրույց ծավալվեց՝ Սևանա լճի հիմնախնդիրներից մինչև անտառկառավարման բարեփոխումներ, Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում էկոտուրիզմի բաղադրիչի ներդրումից մինչև հանքարդյունաբերություն ու կառավարելի բնապահպանական ռիսկեր։Անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին՝ ներկայացրեցի դրանց վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումն ու մոտեցումները, լուծումներին ուղղված ծրագրերն ու քայլերը։

Ուսանողներին ներկայացրեցի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ծրագրերը, խոսեցի Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի հետ վերջերս կնքված հուշագրի մասին, որի շրջանակում ուսանողերին հասանելի են դարձել ուսումնական և արտադրական պրակտիկայի ծրագրերը թե՛ նախարարության կենտրոնական ապարատում, և թե՛ հանրապետության ողջ տարածքով սփռված Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ)՝ ազգային պարկերում, արգելոցներում, արգելավայրերում ու դենդրոպարկերում։

 Արծարծվեցին Շրջակա միջավայրի նախարարության համակարգում գործող առանձին կառույցների և մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր:

 Քննարկեցինք ուսանողության հետ կապերի ամրապնդման, էկոլոգիական դաստիարակության բարելավման և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին քոլեջի գրադարանին նվիրեցի ՀՀ բույսերի և կենդանիների կարմիր գիրք։

Չափազանց կարևորում եմ երիտասարդների դերը պետության և բոլոր ոլորտների կայացման գործում ու իմ պատրաստակամությունն եմ հայտնել աջակցել երիտասարդներին շրջակա միջավայրին առնչվող գործունեության ոլորտներում հնարավորություններն իրացնելու հարցում։Հույս ունեմ, որ նրանք իրենց կրթությունը և ներուժը կծառայեցնեն Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին՛՛,-գրել է նախարարը։

  • Կիսվել: