շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԱՏՄ-ի և Հայաստանի ագրարային համալսարանի միջև հուշագիր է կնքվել

ԱԱՏՄ-ի և Հայաստանի ագրարային համալսարանի միջև հուշագիր է կնքվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքվել է հուշագիր, որը ստորագրել են ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը և բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Հուշագրի նպատակը երկուստեք վերապատրաստումների միջոցով մասնագիտական գիտելիքների բարելավումն է և կատարելագործումը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:

«Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվում նախագծեր իրականացնել կողմերի գործունեությանը և մասնագիտացմանն առնչվող գիտագործնական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի երկկողմ հետաքրքրության այլ ուղղություններով:

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ այս գործակցության համատեքստում շեշտադրվում է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ուղղությունը։ Վերջինս պետական վերահսկողական գործառույթներ իրականացնող տեսչական մարմնի կողմից եկող տարվա համար առաջնահերթորեն է կարևորվում, քանի որ 2021-ի հուլիսի 1-ից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ գործառույթները զգալիորեն ընդլայնվում են։

«Եկող տարին լինելու է աշխատանքային իրավունքի վերահսկողության բարելավման տարի․ դրան են միտված այս ու մի շարք այլ նախաձեռնություններ։ Նախորդիվ արդեն օրենսդրական փոփոխություններ են կատարվել։ Փոփոխվել է ԱԱՏՄ կանոնադրությունը։ Այս համատեքստում մեր տեսուչների թիմի ուժեղացումը հստակ նպատակ է։ Իսկ համալսարանական գործընկերների աջակցությունը շատ կարևոր է նաև մասնագետներ-աշխատաշուկա խզվածությունը փոքրացնելու առումով»,-ընդգծել է Ավագյանը։

Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռումյանը, մեծապես կարևորելով գործակցության այս ձևաչափը, հույս է հայտնել, որ ԱԱՏՄ մասնագետների աջակցությամբ կարդիականացվեն ուսումնական նյութերը, իսկ բուհի պատրաստած կադրերը տեսչականում պրակտիկայի միջոցով աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխան կլինեն։ Միաժամանակ, տեսչականի մասնագետները վերապատրաստումներ կանցնեն բուհում համապատասխան դասընթացների միջոցով։

Հանդիպմանը, մասնավորապես, կարևորվել է նաև բուհի կողմից պատրաստվող ուսանողներին աշխատանքային անվտանգության վերաբերյալ մասնագիտական գիտելիքների փոխանցումը, գործարաններում ռիսկերի գնահատման կադրերի, ինչպես նաև արհմիությունների մասնագետների պատրաստումը, որպեսզի արհմիություններն առավել կենսունակ մարմին դառնան։

Հուշագրով ձեռք բերված պայմանավորվածություններին մեկնարկ կտրվի առաջիկայում»,- ասված է ԱԱՏՄ հայտարարության մեջ:

  • Կիսվել: