ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
6 տարի փորձում էին փակել, և վերջապես ստացվեց․ Արթուր Հակոբյանը՝ «Երգ երգոց» հաղորդաշարը փակելու մասին

6 տարի փորձում էին փակել, և վերջապես ստացվեց․ Արթուր Հակոբյանը՝ «Երգ երգոց» հաղորդաշարը փակելու մասին

Փակվել է Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, որը 10 տարվա հեռուստատեսային կյանք ուներ։ Հաղորդաշարի թեման հայ երգն էր՝ սկսած միջնադարյան տաղերից՝ մինչև ժամանակակից հեղինակային երգեր:

Առանձին հաղորդումներ էին նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, աշուղներին և նրանց ստեղծագործություններին, զանազան հոբելյանական առիթներով հնչում էին սիրված երգեր, ինչպես նաև տեղի էին ունենում նոր երգերի պրեմիերաներ:

Երկրի շնորհալի երգիչների կատարումներին զուգահեռ՝ հատուկ պատրաստված ժամանակագրական տեսաֆիլմերով ներկայացվում էր տվյալ երգի կամ հեղինակի ժամանակաշրջանի սոցիալական-քաղաքական-տնտեսական համատեքստը՝ հաղորդումն օժտելով նաև ճանաչողական՝ ոչ պակաս կարևոր գործառույթով:

Հաղորդման բովանդակային նյութին համապատասխան՝ հրավիրվում էին հյուրեր, որոնք իրենց մեկնաբանություններով և հուշերով ամբողջացնում էին թեմայի համակողմանի լուսաբանումը:

«Երգ երգոց»-ի երաժշտական բենդի ղեկավար Արթուր Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում խոսելով նախագծի փակման մասին՝ լուսանկար է հրապարակել ու գրել. «Երգ Երգոց»-ի նվագախմբի տղաները: Ցավոք, այս նախագիծը փակեցին: Ափսոս»։

168.am-ի հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ է փակվել հաղորդումը, Արթուր Հակոբյանը պատասխանել է․ «6 տարի փորձում էին փակել, և վերջապես ստացվեց։ Պատճառաբանությունը՝ շատ մոդայիկ բառ՝ ռեյտինգ չունենք։ Ես համարում եմ, որ այսպիսի հաղորդում, ինչպիսին «Երգ երգոցն» է, կարիք չունի ռեյտինգի։ Իսկ Հ1-ի եթերից, բացի հայկական երաժշտությունից՝ ամեն ինչ հնչում է»։

Իրենց ափսոսանքն ու զարմանքն են հայտնել նաև քաղաքացիներն ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: