ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
50 մլն «Թումո Հայաստան»-ին. Թումոն հայտարարում է իր կրթական ցանցը երկրով մեկ ընդլայնելու մասին

50 մլն «Թումո Հայաստան»-ին. Թումոն հայտարարում է իր կրթական ցանցը երկրով մեկ ընդլայնելու մասին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության մասին, որի նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու` ողջ երկրով մեկ:

Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս Թումո կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ու Էլի և Էլզբիեթա Աքիլյանները՝ յուրաքանչյուրը երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ։

Թումո 10-ամյակի, Գյումրիում վերակառուցված կենտրոնի ներկայացմանը և, մասնավորապես, «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումն անցկացվեց ՀՀ ԱԺ նախագահի, կառավարության անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև Թումո կենտրոնի գործընկերների մասնակցությամբ: Միջոցառմանը ուղիղ տեսակապի միջոցով միացել էին նաև Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները:

«Մեր առաքելություն է հզորացնել բոլոր հայ երիտասարդներին` իրենց կարողությունները լիարժեք օգտագործլու համար»,- ասաց Սեմ Սիմոնյանը: «Եվ հիմա մենք Հայաստանում և Արցախում այդ նպատակն ամբողջությամբ իրականացնելու ճանապարհին ենք»:

Միջոցառմանը տեսակապով միացել էր նաև Էլի Աքիլյանը` Էլի և Էլզբիեթա Աքիլյանների անունից, ներկա էր Արմեն Եմենիջյանը՝ Եմենիջյանների ընտանիքի անունից, Վազգեն Յակուբյանն ու Վերա Սեդրակյանը ՀԲԸՄ-ից, ինչպես նաև Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

«Իմ ընտանիքն անչափ հպարտ է մաս կազմել այս նախաձեռնությանը, որը համաշխարհային տեխնոլոգիական շուկայում մրցունակ լինելու անհրաժեշտ գործիքներով կզինի հայ նոր սերնդին»,- իր խոսքում նշեց Արմեն Եմենիջյանը: «Մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը կխրախուսի սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին ներդրում անելու և աջակցելու մեր երկրի ու տնտեսության ապագա առաջնորդներին»:

«Հայաստանում և Արցախում ընդլայնումից ի վեր ՀԲԸՄ-ն աջակցել է Թումոյի առաքելությանն ու կիսել տեսլականը, և այս նվիրատվությունը կամրապնդի մեր գործընկերությունը` ի նպաստ հայ երեխաների ապագայի: Մեզ համար պատիվ է է՛լ ավելի սերտացնել կապը Թումոյի, ՀԲԸՄ-ի, ուսանողների ու նրանց ընտանիքների միջև: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին, որոնք կմիանան այս կարևոր արշավին»,- ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի և տնօրենների խորհրդի անունից ասաց դոկտոր Էրիկ Իսրայելյանը:

Թումո կենտրոններն ունեն բոլոր հարմարությունները կրթական ծրագրի կազմակերպման համար` ինքնուսուցում, դասընթացներ, ինչպես նաև աշխատարաններ միջազգային մասնագետների հետ: Թումո տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ է, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում: Թումո տուփերն ու Թումո կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ Տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ: Այսպիսով, իրականացնելով 16 կենտրոնների և 110 տուփերի նախագիծը՝ Թումոյի ծրագիրը կհասնի ՀՀ և Արցախի բոլոր պատանիներին։

«Թումո Հայաստան» նախաձեռնությանն աջակցելու համար անցեք հղումով՝ https://armenia.tumo.org:

  • Կիսվել: