ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած արցախցի Էրիկի «կուճիր հույզերը»՝ բրոնզե պատմություններ լուցկու տուփի չափ․ մեծ հոգով տղայի մանրաքանդակների պատմությունը

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած արցախցի Էրիկի «կուճիր հույզերը»՝ բրոնզե պատմություններ լուցկու տուփի չափ․ մեծ հոգով տղայի մանրաքանդակների պատմությունը

«Կին է, նայում է հայելուն, հայելին էլ  բրոնզից է,  ուղղակի այնքան է  փայլեցվել, որ  հայելու նման է դարձել, կինն էլ իրեն է զննում հայելու մեջ․․․ծերանում է․․․ պատմություն է ծերանալու մասին, հասկանալու մասին, որ ծերանում ես․․․ երկար պատմություն է»։

Ո՛չ, սա գրքային պատմություն չէ, ոչ էլ ֆիլմ, ոչ էլ կտավ կամ վրձնահարվածով ստեղծված աշխատանք։ Սա 21-ամյա շուշեցի Էրիկ Գրիգորյանի մանրաքանդակն է՝ երկար պատմություն լուցկու տուփի չափ։

Երեկ՝ հունիսի 9-ին, Էրիկը ներկայացավ իր մանրաքանդակների առաջին անհատական ցուցահանդեսով։   Ցուցահանդեսին հաջորդող առավոտն է, ամփոփում ենք էմոցիաները, որոնք դեռ էլի է Էրիկը  ստանալու ու տալու․  ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 20-ը։ Էրիկը զուսպ է էմոցիաներում․ «Ոնց պլանավորել էինք, այդպես է անցել, գոհ եմ իմ ցուցահանդեսից»։

Հետո ավելի անկեղծ՝ կարծես  բոլորն հյուրերն էլ  գոհ էին, իսկ նրանք բավական շատ էին․ «Մարտական ընկերներս  կա՞յին, թե՞ չկային, այ դա  չեմ հիշում »,- Էրիկը ծիծաղով նկատում է՝ փաստորեն, իրոք, հուզված է եղել, որ չի հիշում։  

 

«Սովոր չէի, դե, աստիճանաբար պիտի սովորեմ»,-  Էրիկը այն ուշադրության մասին է պատմում, որին արժանացավ երեկ․ պետք էր հյուրերին դիմավորել, հարցերին պատասխանել, հիացմունքին արձագանքել, աշխատանքները ներկայացնել ու այդպես մի ամբողջ երեկո։

Մի ամբողջ երեկո սեփական ցուցահանդեսի գլխավոր հերոսը լինելու համար  Էրիկը մի ամբողջ տարի  պատրաստվել էր։ Մտքից՝ մոմ, մոմից՝  բրոնզաձույլ 50 մանրաքանդակ պատրաստելը աշխատանք ու աշխատասիրություն էր պահանջում։  

Կպատկերացնե՞ր Էրիկը, որ  ծնվելով Ստեփանակերտում, ապրելով Շուշիում, սովորելով Շուշիի տեխնիկական համալսարանում՝ ագրոնոմի մասնագիտությամբ, հետո  44-օրյա պատերազում կասետային ռումբից վիրավորում ստանալուց և կյանքը վերարժևորելուց հետո մի օր Երևանում  ձեռքը կվերցի ոսկերչական գործիքները՝ ստեղծելու այն, ինչից  իրեն այնքա՜ն հեռու էր պատկերացնում․ «Սկզբից զարդեր էի սարքում, դեռ չէի էլ մտածում, որ մանրաքանդակներ պիտի պատրաստեմ, սկզբում ես էլ չէի հասկանում՝ ինչ եմ անում։ Իմ կյանքում ամեն ինչի մեջ եղել եմ, ամեն ինչ փորձել եմ, բայց արվեստի հետ կապ չեմ ունեցել»։  

Աշխատանքի ընթացքում գլխավոր մոտիվացիան Էրիկը ստանում էր իր ուսուցչից՝ ոսկերիչ, քանդակագործ Նուռից, որի հետ «պայման էին կապել»․ «Մոտավոր մեկ տարի առաջ էր, Նուռին ցույց տվեցի առաջին աշխատանքս, ուրախացավ , ասաց՝ մի քանիսն էլ սարքեմ։ Հետո ասաց 50 հատ սարքի, քո անձնական ցուցահանդեսն ենք անելու ու, փաստորեն, արեցինք»։

Իր աշխատանքների ուղղվածությունն ու բնույթը Էրիկը  գեղագիտական տերմիններով չի շտապում բացատրել, ասում է՝ այդ մասին չի էլ մտածել, բայց մի բան լավ գիտի․ «Խառն է ամեն ինչ  ու պատկերները մի քիչ դժվարությամբ է հնարավոր հասկանալ։ Բայց եթե մեկի իմաստը հասկանաս, մյուսներն էլ կարող ես հասկանալ։ Մի քիչ ուրիշ ձև է,  էլի»,- Էրիկի «մի քիչ ուրիշ ձև» աշխատանքները խորությամբ հասկանալու համար հեղինակի մեկնաբանությունները շատ են պետք։  

«Ամեն աշխատանք ունի սցենար, ամեն մեկն իր պատմությունն ունի,  այնպիսի մեկը չկա, որ պատմություն չունենա։  Պիտի պատմես դիտողին,  կան պատկերներ, որ դիմացից սկսվում է,  հետո շրջում ես,  շարունակությունը հետևում է։ Իրականում բարդ աշխատանքներ են»,- ասում է Էրիկը։

Տարայի խցանի կամ լուցկու տուփի չափ իր բարդ ու բրոնզե պատմություններում Էրիկն իրե՞ն էլ է ներկայացնում․  «Աշխատանքներն այնպիսի գաղափարների շուրջ են, որ, օրինակ, կողքից եմ տեսել կամ դրսում ականատես եղել։ Տեսել եմ՝ մեկը ինչ վիճակում է եղել ու իմ աշխատանքով ներկայացրել եմ նրան, կամ քանդակով տվել այն խորհուրդը, որը կուզեի ինքը ինձնից լսեր։ Բայց, երբ բոլոր աշխատանքները գումարում ենք  դառնում է պատմություն իմ մասին»։

Իր մտքերի մասնիկներն  են Էրիկի մանրաքանդակները, ու ցուցահանեսի վերնագիրն էլ պատահական չէ , ասում է՝ ինքն ու Նուռն են մտածել՝ միանգամից ու պատահական․  ««Կուճիր հույզեր»։ Ես շուշիից եմ, դրա համար էլ մեր բարբառով ընտրեցինք վերնագիրը ։ «Կուճիր» նշանակում է փոքր։ Հույզերն էլ, այդ փոքր քանդակներից ամեն մեկի  պատմությունը լսելուց  զգացածն է»։

Էրիկի սեփական  կուճիր հույզերում ամենամեծ չափաբաժինը հաշմանդամություն ունեցող զինվորներին օգնելու միտքն է զբաղեցնում, ու այս ցուցահանդես-վաճառքն էլ այդ նպատակն ունի։  Երեկ առաջինը վաճառված մանրաքանդակն էլ հենց իր առաջին աշխատանքն էր։

«Հնարավոր բոլոր հույզերը բոլոր աշխատանքներում կան»,- ասում է  Էրիկը։ Էրիկի հետ խոսելիս մտածում ենք, որ ամենամեծ հույզը՝ վերջին 50-րդ քանդակին է բաժին հասել․  «Ամենավերջինը, որ պատրաստեցի  մոտ 4 օր առաջ էր։ Այդ պահին ինձ հաղթանակած էի զգում,  ճիշտ է, գիշերվա  ժամը 4-ին գնացի տուն, բայց  վերջացրի ու հանգիստ քնեցի»։

Երևի Էրիկը նույնքան հանգիստ ու հաղթանակած վիճակում էր նաև երեկ էր, երբ ստացել էր  իր հարցի պատասխանը․  «Իմ միտքը մեկն էր․  ցուցահանդեսն արվի,  որ տեսնեմ՝ ես ոնց եմ էս գործի մեջ, միգուցե պարզվեր՝  սա՞ էլ  իմը չէ։ Ուզում եմ այս գործում ավելի լավը լինեմ, դեռ նորեկ եմ»,- հիմա արդեն լավ գիտի՝ իրենն են՝ մոմը, բրոնզը, քանդակը։

«Կյանքից դասեր եմ քաղել»,- ասում է Էրիկը,- «Ամեն անգամ, երբ հիշում եմ պատերազմական օրերը, ավելի շատ եմ գնահատում կյանքը, քան պատերազմից առաջ էր։ Ավելի շատ եմ սկսել սիրել կյանքը ու վստահ քայլել գաղափարների ու նպատակների ուղղությամբ»։

«Շատ գոհ եմ ցուցահանդեսի արդյունքներից։  Ինձ համար այս ցուցահանդեսում կարևորն այն էր, որ Էրիկը  սկսի հավատալ իր սեփական ուժերին,  և հասկանա, որ սա աշխատանք է և ոչ թե հոբբի»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է Էրիկ Գրիգորյանի ուսուցիչ Նուռը։ 

«Ցուցահանես վաճառք էր և վաճառքի հասույթը պետք է ուղղվի Էրիկի պես զինվորներին։ Հենց առաջին օրը՝ բացման իսկ պահից, 10-ից ավելի աշխատանք վաճառվեց և դա էլ Էրիկի համար լավ խթանիչ ուժ է, որը տալիս է հնարավորություն, որ ինքը շարունակի աշխատել և ստեղծագործել»,- ընդգծում է Նուռը։

Էրիկի ուսուցիչը վստահ է՝ տղան հասկացել է, թե ինքն ինչի  է ունակ ու ինչի կարող  է հասնել․ «Սկզբում ես հույս չունեի, որ Էրիկի հետ մեզ մոտ ինչ-որ բան կստացվի։ Նախ իր վերաբերմունքը աշխատանքի հանդեպ,  արվեստի հետ ոչ մի կապ չունենալը։ Բացարձակ զրոյից  սկսեց ամեն ինչ,  և հիմա ես կարող եմ արձանագրել, որ  իմ 100-ից ավել աշակերտներից  ամենահաջողված և ամենաստացվածն է Էրիկը, և դա միայն ես չէ, որ արձանագրում եմ։ Իմ կոլեգաները նույնպես ասում են, որ  արժեր 100 աշակերտ ունենալ , որ մեկը հենց այսպիսին լիներ»։

 

  • Կիսվել: