երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
32-ամյա վարորդը հետախուզման մեջ գտնվող Mercedes-ով բախվել է բետոնե եզրաքարերին և կողաշրջվել

32-ամյա վարորդը հետախուզման մեջ գտնվող Mercedes-ով բախվել է բետոնե եզրաքարերին և կողաշրջվել

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի է ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Էրիկ Բ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բետոնե եզրաքարերին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Է․ Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Ա․ Թովմասյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից եղել է հետախուզման մեջ։Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով վարորդի ոտքը կտրվել է։

  • Կիսվել: