30 կրեդիտ՝ Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների ձեռքբերման նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձեռքբերելու նպատակով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը:
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթում ուսուցչի թափուր տեղը չհամալրելու դեպքում հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը, որն առնվազն 30 կրեդիտ է ստացել մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների մոդուլներով` մասնակցելով համապատասխան դասընթացների:
Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող դասընթացին կարող է մասնակցել այն անձը, որն ունի՝
- տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն,
- բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի 80 և ավելի կրեդիտ,
- բարձրագույն կրթություն, տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ և հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից հետո կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը մասնակցելու պարտավորություն: Ըստ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի` կամավոր ատեստավորմանը չմասնակցելը կամ դրական արդյունք չապահովելը հիմք են՝ վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար: Վերոնշյալ պարտավորությունն ամրագրվում է ժամկետային աշխատանքային պայմանագրով՝ որպես պարտադիր դրույթ:
Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող դասընթացները կազմակերպվում են ըստ համապատասխան մոդուլների՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորված համապատասխան կազմակերպությունների և հաստատությունների կողմից:
Դասընթացները կազմակերպվում են վճարովի կամ անվճար՝ իրականացնող հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված հիմունքներով: Վճարման չափը և կարգը սահմանվում են հաստատության կամ կազմակերպության և հավակնորդի միջև կնքվող պայմանագրով:
Դասընթացին մասնակցելու նպատակով հավակնորդը դիմում է ներկայացնում տվյալ հաստատության ռեկտորի կամ կազմակերպության ղեկավարի անունով, որին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
- անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և լուսապատճենը,
- բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի և դրա հավելվածի բնօրինակները և լուսապատճենները,
- 2 լուսանկար՝ 3×4 սմ չափսի:
Դասընթացների կազմակերպման ժամանակացույցի և ձևաչափի մասին տեղեկությունըն ընդունվում է տվյալ հաստատության կամ կազմակերպության կողմից և հրապարակվում պաշտոնական կայքում։
Հավակնորդը կարող է մասնակցել դասընթացի ամփոփիչ գնահատմանը՝ յուրաքանչյուր դասընթացի համար սահմանված ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցած լինելու դեպքում: