հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Հայաստանում 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածության 614 բազմաբնակարան շենք կա

Հայաստանում 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածության 614 բազմաբնակարան շենք կա

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ ըստ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացությունների, հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) 614 բազմաբնակարան շենք (հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը): Այս մասին Radar Armenia -ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Այդ 614 շենքերի՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի բաշխվածության մասին տեղեկատվությունը ներկայացվում է ստորև.
 

Կոմիտեից նաև խնդրել էինք նշել, թե Խորհրդային միության տարիներին՝ 1950-88թթ. կառուցված շենքերը ի՞նչ բալային համակարգի համար են նախատեսված եղել և կա հետազոտություն, թե ի՞նչ աշխատանքներ են տարվել բարձրացնելու համար այդ ժամանակաշրջանի շենքերի սեյսմակայունությունը։

«1950-1988թթ. կառուցված շենքերի և շինությունների գերակշիռ մասը նախագծվել է 6-7 բալի հաշվարկով (80% և ավելի)։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո վերանայվել են Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանները, կազմվել է սեյսմիկ վտանգի գոտիավորման նոր քարտեզը, որի համաձայն՝ հանրապետության տարածքը բաժանված է երեք սեյսմավտանգ գոտիների: 1995թ.-ից գործել են առաջին ազգային՝ ՀՀՇՆ II-2.02-94 «Սեյսմակայուն շինարարություն Նախագծման նորմեր» շինարարական նորմերը»,- պատասխանել են կոմիտեից:

Հարցին՝ նոր կառուցվող շենքերը ի՞նչ սեյսմակայունություն ունեն, ի՞նչ բալային համակարգի համար են հարմարեցված կառույցից նշել են, որ ներկայումս հանրապետությունում շինարարությունն իրականացվում է սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի իրական մակարդակը. «ՀՀ տարածքում գործում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն Նախագծման նորմեր» շինարարական նորմերը, որի արդյունքում վերագնահատվել է Հայաստանի սեյսմիկ վտանգի մակարդակը։ Նորմերում ընդունված 1-ին, 2-րդ, 3-րդ գոտիներին համապատասխանող գրունտների սպասվելիք հորիզոնական արագացումների առավելագույն մեծություններն են 0,39, 0,4g, 0,5g՝ նախկին 0,2g, 0,3g, 0,4g փոխարեն: Ըստ այդմ՝ շենքերի նախագծումը և կառուցումը նախատեսվում են 9 բալ և ավելի (MSK-64) բալայնության սանդղակի համաձայն: Գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրների շրջանակներում առաջնահերթ ընտրվում են վնասվածության 4-րդ աստիճանով գնահատված և կազմաքանդման ենթակա շենքերը, որոնց փոխարեն կառուցվում են նոր բնակելի համալիրներ»:

Քաղաքաշինության կոմիտեից մայրաքաղաքի հետ կապված հայտնել են, որ Երևանում կազմաքանդվող շենքերի փոխարեն նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրերի համակարգումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ինչպես նաև տեղեկացնում են, որ վերջին խմբագրությամբ նորմերի գործողության մեջ մտնելու օրվանից նորմերի վերաբերյալ իրազեկվել են ՀՀ-ում քաղաքաշինական գործունեություն իրականացնող պետական, համայնքային և մասնավոր պատվիրատուները, տրամադրվել են համապատասխան մասնագիտական կարծիքներ՝ նշված նորմերով ղեկավարվելու համար։ «Տեղեկացնենք նաև, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում ՀՀ
տարածքում գործում են տարբեր տարիներին ընդունված իրավական ակտեր. ՀՀ կառավարության 1999 թվականի հոնիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշում, ՀՀ կառավարության 1999 թվականի հոնիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշում, «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30–ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1760-Ն որոշում: ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23–ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշում»։

  • Կիսվել: