երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
24-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո

24-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո

Վաղը՝ նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով 18:50-ին, Հանրային հեռուստատեսության եթերով կմեկնարկի 24-րդ Հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով՝ հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում:

2020 թվականը համայն հայության համար լի էր բազում մարտահրավերներով ու վայրիվերումներով՝ կորոնավիրուսային համավարակ, տավուշյան մարտեր, Բեյրութի պայթյուն և վերջապես 44-օրյա ծանր պատերազմ։ Այդ առումով տարին նաև բացառիկ ու աննախադեպ էր հայ ժողովրդի միասնականության առումով:

Իր աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Հեռուստամարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև Հանրային հեռուստաընկերության կայքէջում, իսկ ավելի ուշ կհեռարձակվի նաև արբանյակային կապով: Նոյեմբերի 25-ից հետո այն հասանելի կլինի նաև Հիմնադրամի կայքէջում:

Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ 24-րդ Հեռուստամարաթոնը կանցկացվի նաև Լոս Անջելեսում տեղական ժամանակով 16:00-ին:

Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել են մեր հազարավոր հայրենակիցների կյանքերը:

 

  • Կիսվել: