22-ամյա հերոս Հայկ Խաչատրյանին հուղարկավորեցին իր ծննդյան օրը
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում այսօր ցավով ու հպարտությամբ հրաժեշտ տվեցին 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհված հերոս 22-ամյա Հայկ Խաչատրյանին։ Հայկը ծառայում էր Ճամբարակի զորամասում, իսկ մարտական գործողություններին մասնակցել է Վերին Շորժայի հատվածում։ Հայոց բանակում ծառայության էր անցել 2021 թվականի հուլիսից։
Հայկից վերջին զանգը սեպտեմբերի 14 էր եղել։ Ընկերոջ հետ էր խոսել, ասել էր` զբաղված է` հետո կզանգի։ Բայց սպասված զանգն այդպես էլ չէր հնչել։ 22 օր շարունակ հայրը` Մասիս Խաչատչյանը, որդու որոնումները չէր դադարեցրել։ Եղել էր Վարդենիսում ու Գորիսում, դիմել Պաշտպանության նախարարություն։ Բոլոր տեղերից տարբեր վարկածներ էր լսել․ ամենահավանականը` գերության մեջ է։
«Իրենց ընտանիքը մեծ հույս ուներ, որ Հայկը գոնե գերիների մեջ կլինի, գոնե այդպես կգտնեն իրեն։ Բոլոր հնարավոր ձևերով փնտրում էին, նույնիսկ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում գերիներից մեկին նմանեցրել էին իրենց որդուն, դիմել համապատասխան մարմիններին։ Հատկապես մայրը մի տեսակ համոզմունք ուներ․ որդին կենդանի է, կվերադառնա»,- Infoport.am-ին պատմել են հարևանները։
Կորստի ցավն ավելի անտանելի է դառնում, քանի որ Հայկին հուղարկավորեցին հենց իր ծննդյան օրը։ «Էսօր զանգելու էինք, ասեինք՝ ծննունդդ շնորհավոր, բարով հետ գաս, բայց․․․»,- արցունքն աչքերին ասում է հարազատներից մեկը։
Համագյուղացիները հերոսի մասին երկար են խոսում, տարբեր պատմություններ պատմում, մանկությունը հիշում․ չէ՞ որ իրենց աչքի առաջ էր մեծացել։ Հայկը բարի աշխատասեր, համեստ տղա էր՝ ընտանիքին ու հարազատներին նվիրված՝ նույնքան համեստ ու աշխատասեր ծնողների զավակ։ Ընտանիքի ավագն էր՝ քրոջ ու եղբոր հույսն ու օրինակը։ Հատկապես շատ են պատմում Հայկի և նրա պապիկի ջերմ կապի մասին։ Գյուղում բոլորն են հիշում՝ պապ ու թոռ միշտ միասին էին։
«Աչքերիս առաջ իր մանկական հայացքն է ՝ պարզ, մաքուր, թախծոտ աչքերով, միշտ մի տեսակ խառնված էր, շտապում էր։ Բոլորիս համար ինքը փոքրիկ Հայկ էր, միշտ իր Կամո պապիկի հետ։ Մի անգամ դպրոցում պետք է պատվաստվեինք, երբ հերթը հասավ Հայկին` նա կտրուկ ասաց` չի պատվաստվելու։ Սկսեցինք համոզել, որ պետք է, առողջության համար է, բայց Հայկը անդրդվելի էր։ Էդ ժամանակ միակ մարդը, որ կարող էր Հայկին համոզել իր Կամո պապիկն էր։ Գնացիք, կանչեցինք։ Հայկը պատվաստվեց` Կամո պապիկի գրկում նստած»,- հիշում է համադասարանցին՝ Սուսաննա Հովհաննիսյանը։
Հայկը ինքնամփոփ, ամոթխած տղա էր, իր մտահոգություններ ու հոգսերն իր մեջ պահող, բայց միշտ պատրաստ էր կիսել ուրիշների հոգսերն ու ցավերը, օգնության հասնել, երբ դրա կարիքը լիներ։ «Մեծ տարիքում, երբ արդեն բոլորիս մոտ հաստատուն էր դառնում բնավորությունը, Հայկի մոտ մի առանձնահատուկ գիծ էի նկատել։ Երբեմն կարող էր շատ կտրուկ լինել, բայց դա միայն դիմացինին սթափեցնելու, ճիշտ ճանապարհ ցույց տալու համար էր։ Շատ մաքուր սիրտ ուներ, նուրբ հոգի, երբեք չտրտնջացող, երբեք չհանձնվող։ Հաստատ գիտեմ՝ քաջաբար է կռվել՝ առանց մի վայրկյան իր մասին մտածելու»,- ասում է դասընկերուհին։
«Հայկը պապիկին շատ էր սիրում, ու շատ էր կապված։ Երբ դպրոցում անունները կարդալիս ասում էի՝ Խաչատրյան Հայկ Մասիսի, նեղանում էր, ասում էր՝ Մասիսի՛ չէ, Կամոյի՛, ես Կամոյի տղան եմ․․․ Պապ ու թոռ իրար համար մի աշխարհ էին,- հիշում է Հայկի առաջին ուսուցչուհին՝ Անիչկա Խաչատրյանը,- Երբ զինվորական ծառայությունից արձակուրդ էր եկել, պատահաբար տեսա, փոխվել էր, հասունացել, շատ ուրախացա՝ նուրբ ու նիհարիկ Հայկս իսկական տղամարդ էր դարձել»,- ասում է նա։
Երկու զոհ մի փոքրիկ գյուղում, երկու տան մարած ճրագ։ Երկու չապրած կյանքեր, չասված բառեր, կիսատ սերեր։ Խառնվել է կյանքի բնականոն օրենքը։ Հերոսները բարձրանում են դեպի երկինք, իսկ ապրողները հայացքները դեպի երկինք պարզած գոյատևում են՝ այդպես էլ չիմանալով ո՞ղջ են, թե՞ մեռած։ Հավերժ փառք ու խոնարհում Ձեզ, մեր հերոսներ։ Դուք հավերժ կապրեք մեր մեջ․․․
Հիշեցնենք՝ Սպանդարյան համայնքում օրեր առաջ էին հողին հանձնել մեկ այլ հերոսի՝ Նարեկ Սահակյանին, ում մասին ավելի վաղ պատմել էինք: