ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2026 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում ՀՀ քննչական կոմիտեում

2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2026 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2026 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման շրջանակներում Կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը ներկայացրել է կառույցի հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնական ուղղությունները:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ բյուջետային գործընթացի շրջանակներում 2026 թվականին իրականացվելու է մեկ հիմնական ծրագիր և նշված ծրագրում հաջորդ տարվա համար ընդգրկված են թվով 7 միջոցառումներ` «Քրեական գործերով վարույթի իրականացում», «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում», «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ», Փորձագիտական ծառայությունների տրամադրում «Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում», «ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում», ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում:

2026 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրի և վերջինիս բաղկացուցիչ մաս հանդիսացող միջոցառումների իրագործման նպատակով առաջարկվող ծախսային հատվածը կազմում է շուրջ 21.6 մլրդ դրամ, որը 2025-ի բյուջետային հատկացումների համեմատ ավելացել է գրեթե 2.7 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված փորձագիտական ծառայությունների տրամադրման և Կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավման միջոցառումներով:

Այնուհետև, Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանն անդրադարձ է կատարել նախաքննական մարմնի 2026 թվականի տարեկան բյուջետային հայտի և 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման համար հիմք հանդիսացող ոչ ֆինանսական մի շարք ցուցանիշների։ Գլխավոր վարչության պետը մասնավորապես անդրադարձել է քրեական վարույթներին, ապագայում մշակվելիք իրավական ակտերին, քննիչների միջին ծանրաբեռնվածությանը վերաբերող որոշ կանխատեսելի վիճակագրական ցուցանիշների, ինչպես նաև նախանշել Կոմիտեի հաջորդող տարիների գործունեությանն ուղղված մի շարք հեռանկարային  ծրագրային գերակայություններ:

Հանրային քննարկմանը մասնակցող` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Կոմիտեի ներկայացուցիչների միջև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում բանախոսները պատասխանել են բարձրացված մի շարք հարցադրումների` ընդգծելով նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի դիրքորոշումը  բյուջետային հատկացումների արդյունավետ կառավարման և այդ համատեքստում կառույցի գործունեության տարբեր հատվածներում շարունակական զարգացումներ ապահովելու վերաբերյալ:

  • Կիսվել: