ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
2021թ. ԿԳՄՍՆ-ը իրականացրել է 21 բյուջետային ծրագիր՝ 196 միջոցառմամբ. նախարար

2021թ. ԿԳՄՍՆ-ը իրականացրել է 21 բյուջետային ծրագիր՝ 196 միջոցառմամբ. նախարար

ԿԳՄՍ նախարարությունը 2021 թ. իրականացրել է 21 բյուջետային ծրագիր՝ 196 միջոցառումով: Ընդհանուր առմամբ ծախսվել է 174,8 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 97,7 տոկոսը՝ 2020 թ. 95 տոկոսի դիմաց: Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 15-ի ԱԺ հերթական նիստում:

 

Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, իր ելույթում նախարարը մանրամասն ներկայացրել է ոլորտներում իրականացված աշխատանքները:

 

Չնայած համավարակի եւ պատերազմի հարուցած դժվարություններին՝ նախարարությունը շարունակել է աշխատանքն իր համակարգման ներքո գտնվող բոլոր ոլորտներում: Կրթության ոլորտում շարունակվել են հիմնական բարեփոխումները, որոնց նպատակը կրթության որակի բարձրացումն է:

Իրավական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքներ են իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում:

Աշխատանքներ են տարվել գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով: Սկսած ընթացիկ տարվա հունվարի 1-ից՝ Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձն աստիճանաբար բարձրանում է եւ կհասնի հանրապետության մասշտաբով պետական համակարգում համադրելի եւ համեմատելի արժեքների:

Արտերկրում հայագիտությունը զարգացնելու նպատակով 9 պետությունների 11 համալսարաններում կազմակերպվել է հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդում: 2020թ. նման աշխատանքներ իրականացվել են 4 պետությունների 6 համալսարաններում:

Հաշվետու տարում շարունակվել են մշակութային արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը, մշակութային ժառանգության վերականգնմանն ուղղված աշխատանքները:

 

Պետական թանգարանների ֆոնդը համալրվել է 10 հազարից ավելի միավոր թանգարանային առարկաներով:

Իրականացվել են շուրջ 701,4 մլն դրամի կապիտալ ներդրումներ՝ ուղղված մշակութային հաստատությունների ու պատմամշակութային ժառանգության բնագավառի 26 օբյեկտի պահպանմանը, նյութատեխնիկական եւ գույքային բազայի արդիականացմանը:

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում եւս նախատեսված ծրագրերը իրականացվել են:

 

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է դպրոցների տնօրենների աշխատավարձերի բարձրացմամբ: Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշել է. «Անկեղծ՝ չգիտեմ, թե տնօրեններն ինչու են հենց տնօրենների մասով նման հարց բարձրացնում: Կարծում եմ՝ նախ պետք է ուսուցչի աշխատավարձից խոսենք եւ նաեւ տնօրենին դիտարկենք որպես ուսուցիչ: Ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված՝ գիտեք, թե ինչպիսի կտրուկ փոփոխություններ են արվել: Տնօրենը, եթե առաջին հերթին իրեն դիտարկի որպես ուսուցիչ, ապա կստանա հարաբերական առումով ավելի բարձր եւ արժանավայել աշխատավարձ, քան այսօր ստանում է որպես տնօրեն: Դրա համար կա մեկ պայման. պետք է լինել բարձր որակի ուսուցիչ»,-մասնավորապես ասել է նախարարը՝ տնօրեններին առաջարկելով ամբողջությամբ ընդգրկվել կրթական եւ ուսումնական գործընթացներում:

  • Կիսվել: