հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա. Փաշինյան

2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա. Փաշինյան

2018-ից մինչև 2019-ի ավարտը 1 մլն 200 հազար մարդու աշխատավարձ, թոշակ կամ նպաստ ենք բարձրացրել: Այս մասին այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 2020-ին կորոնավիրուսի հետևանքով գնաճ ունեցանք, և աշխատավարձերի բարձրացումը հիմա գուցե ոչ բոլորն են զգում:

Փաշինյանի խոսքով՝ 2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա, ինչը, ըստ նրա, բացարձակ ռեկորդ է: ՛՛Այսինքն՝ ՀՀ-ի պատմության մեջ այսքան գրանված աշխատատեղ չենք ունեցել, որքան հիմա: Այդ աշխատատեղերի մի մասը դուրս է եկել ստվերից, մի մասն ուղղակի ստեղծվել է: Ի՞նչ արեցինք, որ այդ աշխատատեղերը ստվերից դուրս գան: 2018-ին ընդունեցինք միասնական եկամտահարկ ունենալու որոշում, սահմանվեց 23 տոկոս, և ամեն տարի այն որոշակի չափով պետք է իջնի, և 2023-ին եկամտահարկը պետք է լինի 20 տոկոս համահարկ՝ անկախ աշխատավարձի չափից:

Միաժամանակ, շահութակարը իջեցրեցինք՝ դարձնելով 18 տոկոս: Քանի որ եկամտահարկը աշխատավարձը բարձրացնելուն զուգահեռ բարձրանում էր, գործատուն խուսափում էր աշխատավարձը բարձրացնելուց, որովհետև դրա հետևանքով ավելի շատ հարկային բեռ էր գոյանալու, և երկրորդ՝ աշխատավարձը բարձրացնելիս դա ձևակերպում էին որպես շահույթ և ծրարով տալիս աշխատողին, իսկ դա աշխատողի իրավունքների ոտնահարում էր, քանի որ աշխատավարձի գրանցման չափը հետագայում ազդում է կենսաթոշակի վրա, վարկ վերցնելիս չէր կարողանում բանկին տալ իրական աշխատավարձի մասին տեղեկանք:

Այս փոփոխությունն արագ տվեց իր արդյունքը: Հիմա մենք ցածր եկամտահարկով ավելի շատ հարկ ենք հավաքում՝ շուրջ 4 մլրդ դրամով ավելի շատ, և դա ցույց է տալիս, որ մենք ճիշտ տնտեսական քաղաքականություն ենք վարել՛՛,- ասաց նա:

Ինչպես նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ վերջին երեք տարում կառուցել են հսկայական թվով ճանապարհներ, ժողովրդագրության ոլորտում կոնկրետ ծրագրեր են իրականացվել, որոնք, ըստ նրա, լինելու են շարունակական:

Փաշինյանը նշեց, որ  առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ վճարման չափը կրկնապատկել և վեցապատկել են, երեխա ունեցող ընտանիքների համար գործարկել են հիպոթեքային վարկի ապահովման ծրագիր: ՛՛Եթե երեխա ունեցող ընտանիքն ուզում է հիպոթեքով վարկ վերցնի, պետությունն աջակցում է հիպոթեքի կանխավճարը վճարելու առումով, վճարվում է գումարի 90 տոկոսը: Երկրորդ և երրորդ երեխայի ծնվելու պարագայում պետությունը նաև միանվագ վճարում է այդ հիպոթեքային վարկի մայր գումարից՝ 500 հազարից մինչև 1 մլն դրամ՛՛,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց նաև մինչև 2 տարեկան երեխա ունեցող աշխատող ծնողների նպաստի չափի բարձրացումը: ՛՛Մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերը, այդպես է նաև գյուղական համայնքներում, եթե նախկինում ստանում էին մինչև 18 հազար դրամ, հիմա՝ 53 հազար դրամ՛՛,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ նպաստ են ստանում նաև չաշխատող ծնողները՝ 25 հազար դրամի չափով:

Անդրադառնալով կրթական ոլորտին՝ Փաշինյանն ասաց, որ այստեղ էական փոփոխություններ են ձեռնարկվել, մասնավորապես՝ հինգ առարկայի ուսուցիչներին հնարավորություն է տրվում ներկայանալու կամավոր ատեստավորման, ինչի արդյունքում բարձր միավորներ հավաքած ուսուցիչները 30-50 տոկոսով ավելի բարձր կստանան արդեն 2021-ի նոյեմբերից, և այդ գործընթացը կլինի շարունակական:

Բացի այդ, ըստ վարչապետի պաշտոնակատարարի, իրականացվում է մանկապարտեզների զանգվածային կառուցման ծրագիր, և մինչև 2023 թվականը չի լինի մանկապարտեզի տարիքի երեխա, որը չհաճախի նախակրթարան:

Խոսելով առողջապահության ոլորտի մասին՝ Փաշինյանն ասաց, որ այստղեղ նույնպես էական բարեփոխումներ են կատարվել, մասնավորապես՝ սրտի ստենտավորումը, որոշակի պայմաններով, արվում է պետության հաշվին: Նա նշեց, որ պետպատվերով իրականացվում է ինսուլտի ստենտավորման ծրագիր, պետպատվերի շրջանակում է իրականացվում նաև զինծառայողների ծնողների բուժսպասարկումը: Փաշինյանն ասաց, որ անվճար է նաև 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժսպասարկումը:

Բացի այդ՝ Փաշինյանն ասաց, որ 2019-ին դպրոցների և մարզադպրոցների համար ձեռք են բերել այնքան մարզագույք, որն ավելի շատ է վերջին 7 տարիների ձեռքբերումներից:

Նա վստահեցրեց նաև, որ կառավարությունը վերացրել է մենաշնորհը. ՛՛Այսօր ՀՀ որևէ գործարար չի կարող ասել, որ իրեն թույլ չեն տվել ապրանք ներկրել ՀՀ, և հենց մենաշնորհների վերացմամբ է պայմանավորված պարենային ապրանքների գնանկումը՛՛:

  • Կիսվել: