2020 թվականը՝ սակավաջրության տարի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին» որոշման նախագիծը:
Ինչպես նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, չնայած Սևանի ավազանից ոչ մի լիտր ջուր չեն վերցրել, այնուամենայնիվ, այս տարի լճի ջրերի մակարդակը ավելի քիչ է, քան անցած և նախանցած տարիներին։
Նախարարն ասաց, որ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի պահանջներից: Նրա խոսքով, 2014-ից արդեն հայտարարված է սակավաջրություն ևս երեք ջրավազաններում՝ Արարատյան, Հրադզդանի և Ախուրյանի:
Վերջինիս մշակման համար հիմք է հանդիսացել Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կողմից հիդրոդերեւութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության վերաբերյալ ներկայացված պաշտոնական տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի է առնվել 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին» որոշումը:
Տեղեկատվությունը կազմելիս հնարավորինս հաշվի են առնվել վարարումների հոսքը ձևավորող բոլոր գործոնները։ Հաշվի առնելով արդեն իսկ դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները, կանխատեսվել է, որ գետերի մեծ մասում 2020թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 50-80%-ի սահմաններում, ընդ որում գետերի մեծ մասում վարարումների հոսքի ծավալների ապահովվածությունները կանխատեսվում են 80-85%-ի սահմաններում։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի նման իրավիճակը սահմանվում է որպես սակավաջուր:
Նախագծով տրվել են սակավաջրություն հայտարարվելու դեպքում ջրային օրենսգրքով պահանջվող կարգավորումներ՝ որոշմամբ նշված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման եւ ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակումներ եւ չափավորումներ, ինչպես նաեւ սահմանվել են պետական կառավարման մարմինների նկատմամբ այլ համապատասխան պահանջներ։ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած առաջարկության հիման վրա:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սակավաջրության հետևանքով ստեղծված իրավիճակում կանխել ջրօգտագործողների շահերի բախումները և մեղմել ջրային ռեսուրսների վրա ակնկալվող բացասական ազդեցությունը` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ, ինչպես նաև գտնել համապատասխան լուծումներ՝ առավել արդյունավետ օգտագործելու սահմանափակ ջրային ռեսուրսները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե գյուղացիների համար ի՞նչ է փոխվում, նախարարը պատասխանեց. «Սրանով մենք ոռոգողներին, գյուղացիներին լրացուցիչ երաշխիքներ ենք տալիս, քանի որ ջուրն օգտագործվելու է՝ ըստ առաջնահերթությունների»:
Էրիկ Գրիգորյանը նաև հայտնեց, որ այս տարի Արփա-Սևանով բավական ջուր են տեղափոխել Սևանա լիճ. «Սևանից դեռեւս ոչ մի լիտր ջուր չենք վերցրել, բայց մակարդակն ավելի ցածր է, քան անցած եւ նախանցած տարի: Այս օրերին տեղումների հաշվին միգուցե ջուր կլինի, ցուցանիշները կլավանա, բայց այն 4 հիմնական ջրամբարները, որոնք Արարատյան դաշտի համար է օգտագործվում, իրենք այս պահին շատ ավելի ցածր մակարդակի վրա են: Հույս ունենք, որ այս որոշման կիրառման կարիքը չի լինի, սա կանխարգելիչ քայլ է»,- ընդգծեց նախարարը։
Վարչապետն էլ արձագանքեց. «Լավագույնի հույսով՝ պատրաստվում ենք վատագույնին»