ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«20 տարի առաջ հայ հոգեւորականը հայտնվեց Մադրասի թերթերի գլխագրերում». The Times of India-ի հոդվածը՝ «Ազդարարի» մասին

«20 տարի առաջ հայ հոգեւորականը հայտնվեց Մադրասի թերթերի գլխագրերում». The Times of India-ի հոդվածը՝ «Ազդարարի» մասին

Փետրվարի 5-ին հարավային Հնդկաստանի տարբեր շրջաններից, այդ թվում Կալկաթայից, շուրջ 15 հայեր էին հավաքվել էր Չենայի հայկական եկեղեցում, հարգանքի տուրք մատուցելու Հարություն քահանա Շմավոնյանին, ով հայկական առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր-խմբագիրն է եղել: Այս մասին հոդված է հրապարակել The Times of India-ն:

Լրատվամիջոցը նաեւ գրում է. «Շմավոնյանը «Ազդարարը» տպագրել և հրատարակել է Մադրասում 229 տարի առաջ: Ինչու՞ էր Շմավոնյանը ցանկանում ապրել իր ծննդավայր իրանական քաղաքից 4000 կմ հեռավորության վրա: Իրականում ողբերգություն էր նրան բերել Մադրաս:

Շմավոնյանը ծնվել է Իրանի Շիրազ քաղաքում 1750 թվականին, բայց այնտեղ որպես քահանա ծառայելու ժամանակ նա մեկ շաբաթվա ընթացքում վարակիչ հիվանդության պատճառով կորցրեց իր երկու որդիներին: Դա նրա կյանքի ամենադժվար շրջանն էր, և վիշտը հաղթահարելու համար Շմավոնյանը քաղաքից հեռացավ Բաբակուհի լեռ, որտեղ ապրում էր իրանցի սուֆի պրակտիկանտների հետ:

Յոթ տարի Շմավոնյանը խորասուզված ուսումնասիրել է լեզուներ՝ պարսկերեն, արաբերեն և ֆրանսերեն: Թեև ընտանիքի խնդրանքով նա վերադարձավ Շիրազ, բայց որդիների կորուստը մեծ վիշտ էր նրա համար եւ նա խնդրել է իրեն որպես քահանա ուղարկել Մադրաս, որն այն ժամանակ ուներ ազդեցիկ հայկական համայնք: Ասում են՝ 18-րդ դարի վերջին տասնամյակներում այստեղ հայ ազատական մտավորականների խումբ էր գործում՝ «Մադրասի խումբը»։

Շմավոնյանը կնոջ և դստեր հետ Մադրաս է ժամանել 1784 թվականին։ Այստեղ գտնվելու ընթացքում նա ծանոթացել է հայ գրող, փիլիսոփա և վաճառական Շահամիր Շահամիրյանի հետ: Շահամիրյանը Մադրասում հիմնել է հայկական առաջին տպարանը 1772 թվականին և 1773 թվականին իր որդու՝ Հակոբ Շահամիրյանի անունով հրատարակեց «Որոգայթ Փառացը», որը պարունակում էր դրույթներ ապագա անկախ Հայաստանի Սահմանադրության համար:

Այն բանից հետո, երբ մահացան տպագրության և հրատարակչական գործում իրեն օգնող որդիները, նա խնդրեց Շմավոնյանին ղեկավարել տպագրությունը եւ շարունակել այդ գործը: 1789 թվականին Շմավոնյանը սկսեց հայերեն գրքեր տպագրել։ Նա գրքերի համար օգտագոծում էր իր ձեռքով պատրաստված նյութերից, անգամ թուղթն ինքն էր պատրաստում բամբակի միջուկից։

Այնհուետեւ Շմավոնյանը 1794 թվականի հոկտեմբերի 28-ին սկսեց հրատարակել «Ազդարար»-ը՝ աշխարհում առաջին հայերեն պարբերականն ու թերթը։

Սկզբում «Ազդարարն» ուներ ընդամենը 28 բաժանորդ: Դա 48 էջանոց ամսագիր էր։ Դասավորությունը պարզ էր՝ մեկ սյունակ, վերնագրեր և տեքստը նույն չափի, բացառությամբ հիմնական վերնագրերի, որոնք մեծատառով էին:

2019-ին տպագրված 1512-ից 1977 թվականներին հայկական տառատեսակների արդիականության մասին հետազոտական հոդվածում ասվում է, որ Շմավոնյանի «Ազդարարը» ենթադրաբար ներշնչված է եղել Մադրասում շրջանառվող երկու անգլիական թերթերից՝ «Madras Courier»-ից, որը հիմնադրվել է 1785 թվականին, և «Hircarrah»-ից, որը հիմնադրվել է 1793-ին:

Շմավոնյանը, ներկայացնելով «Ազդարար»-ի առաջին համարը, ենթադրվում է, որ գրել է. «Մեկ ամիս առաջ մի վաստակաշատ անգլիացի սկսեց հրատարակել ամեն ամսվա վերջում հայտնի մարդկանց կյանքի մասին հետաքրքիր հոդվածներ և պատմություններ պարունակող ամսագիր:  . . Հետևելով այդ թերթի օրինակին՝ մենք նույնպես սկսեցինք տպագրել ամեն ամսվա վերջ նմանատիպ մի թերթ»:

«Ազդարար»-ը պարունակում էր գրական հոդվածներ, ինչպես նաև Մադրասի հայ համայնքում ծնունդների, ամուսնությունների և մահերի մասին հայտարարություններ։ Այն նաև պարունակում էր առևտրային և բեռնափոխադրումների մասին տեղեկություններ, գրքերի ակնարկներ և հայ վաճառականների գովազդներ։

Ասում են, որ վաճառականները նրան լուրեր են բերել Հայաստանից, Պարսկաստանից և Ռուսաստանից՝ գրեթե արտասահմանյան թղթակիցների նման։ Հայերեն է թարգմանել նաև նորություններ անգլերեն և ֆրանսերեն հրատարակություններից։ Որոշ էջեր պարունակում էին տեղեկություններ Մադրասի բնական գեղեցկության մասին և վինետներ քաղաքի կյանքի մասին:

 «Ազդարարը» հրատարակվել է գրաբարով, թեև տեքստերի, լուրերի և հայտարարությունների մի մասը եղել է աշխարհաբար: Եղել են նաև անհատ գրողներ, որոնք նախընտրել են անանուն մնալ, որոնց հնարավորություն է տրվել իրենց հոդվածները գցել եկեղեցու զանգակատան տակ տեղադրված հատուկ տուփի մեջ։ Շմավոնյանը 1795 թվականին Մադրասի և Արքոտի Նավաբից Մուհամմադ Ալի Խան Վալաջահից արաբերեն և պարսկերեն գրքեր տպելու և հրատարակելու թույլտվություն է ստացել։

«Ազդարարն» ամսական հրատարակություն էր, որը տպագրվել է 18 ամիս։ Մադրասում «Ազդարարի» գործարկումից հետո մի քանի այլ հայալեզու հրատարակություններ սկսեցին հայտնվել այլ քաղաքներում:

Շմավոնյանը հետագայում կորցրեց իր տունը դստեր և թոռների մեծ պարտքերի պատճառով: Գրեթե ողջ կյանքը նա ապրել է Մադրասում, որտեղ էլ մահացել է 74 տարեկանում, թաղված է հայկական եկեղեցու բակում։ Ներկայիս գերեզմանաքարը վերջերս փոխարինված է, իսկ բնօրինակը տեղադրված է զանգակատան աշտարակի պատին:

  • Կիսվել: