ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2-ամյա երեխայի ստամոքսից 13 մագնիս են դուրս բերել. մեկ այլ բժիշկ խորհուրդ էր տվել ուղղակի ջուր խմել

2-ամյա երեխայի ստամոքսից 13 մագնիս են դուրս բերել. մեկ այլ բժիշկ խորհուրդ էր տվել ուղղակի ջուր խմել

Մայիսի կեսերին Սիրանուշն ու Ալբերտը երեխաների հետ ծանոթների տանն են եղել, երբ երեխաներից փոքրը՝ 2-ամյա Շանթը մայրիկին տարել է լոգարան, և փորձել հասկացնել, որ կրծքավանդակի շրջանում ինչ-որ բան է իրեն խանգարում, ինչ-որ նեղող բան կա։ Քանի որ տանը մագնիսե խաղալիքներ էին տեսել, որոշել են երեխային տանել ռենտգենի

«Մեզ ասացին, որ ստամոքսում կա մագնիսի 13 գնդիկ։ Ասեցին, որ ջուր խմեցնենք, պյուրե ուտացնենք, հնարավորինս հեղուկ շատ տանք ու սպասենք մինչև երկուշաբթի առավոտ (դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, հեղ.)»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմել է երեխայի մայրը՝ Սիրանուշը։

Նա նշել է, որ այդ բժիշկներից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր չէ հանել մագնիսները, քանի դեռ դրանք ստամոքսում են, իրենց պատասխանել են՝ ոչ, գնացեք և սպասեք։

Սիրանուշն ու Ալբերտը երեխայի հետ վերադարձել են տուն, սակայն հասկացել են, որ երկրորդ մասնագետի կարծիք է պետք լսել ու գնացել են «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար»։ Այստեղ ևս մեկ անգամ ռենտգեն են արել, և հաստատվել է, որ ստամոքսում և կերակրափողում կան մագնիսի գնդիկներ։

Սիրանուշը պատմում է, որ երեխան պահում էր իրեն սովորականի պես, նրա վիճակից հասկանալի չէր՝ ինչ է իրենց սպասում.

«Երբ ես «Ուիգմոր»-ում հարցուփորձ էի անում՝ իսկ նարկոզը և այլն, և այլն, ինձ էդտեղ սթափեցնող բացատրեցին, որ հիմա՝ էս պահին է նա էսպես աշխույժ, ժիր, խոսում է, խաղում է, երբ որ մագնիսները ստամոքսից գնան աղիներ, ինչ կլինի, իր վիճակն ինչպես կփոխվի, արդեն անկանխատեսելի է»,- պատմում է Սիրանուշը։

«Ուգիմոր»-ում կատարել են էնդոսկոպիկ հետազոտություն, անզգայացրել են երեխային և հանել մագնիսները։ Գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Դավիթ Մարգարյանն ասում է, որ, բարեբախտաբար, դրանցից ոչ մեկ դեռ չէր անցել ոչ հասանելի հատվածներ, քանի որ այդ դեպքում արդեն վիրահատություն կամ այլ միջամտություններ պետք է իրականացնեին։ Նաև խուսափել են հետագա հնարավոր բարդություններից.

«Եթե մենք ունենայինք մեկ մագնիս, մենք խնդիր չէինք ունենա, մեկ մագնիսը կարող էր հանգիստ դուրս գալ,- ասում է Դավիթ Մարգարյանը,- երկու և ավելիի դեպքում, մենք պերֆորացիաների, նեկրոզի առաջացման ռիսկեր ունենք»։

Գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստը նաև նշում է՝ լավ է, որ ծնողները չեն հետևել առաջին բուժհաստատությունում տրված խորհուրդներին և ո’չ ջուր են խմեցրել, ո’չ պյուրե տվել, քանի որ դրանք, ընդհակառակը, կվատացնեին երեխայի վիճակը. առարկան ստամոքսից կանցներ այլ հատվածներ, ու արդեն դժվար կլիներ այն հեռացնել։

«Ուիգմոր»-ի փոխտնօրեն, մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանն էլ ասում է՝ շատ կարևոր է, որ ծնողները գլխի են ընկել ու ժամանակին են դիմել.

«Եթե մենք ստամոքսում եղած մագնիսը չիմանանք որ կա, և այդ ժամանակ չհեռացնենք, թույլ տանք, որ այն հայտնվի աղիներում, մենք, ցավոք, գործ կունենանք լուրջ հիվանդության հետ, երբ աղիքի տարբեր հատվածներ երբեմն ստիպված են լինում հեռացնել, կարել միմյանց, նույնիսկ  աշխարհում նկարագրված են դեպքեր, երբ, ցավոք, երեխային այդ դեպքից հետո փրկել չի հաջողվել»,- ասում է նա։ Հետևաբար կարևոր է, որ դրանք երկար չմնան, չառաջացնեն խոցեր, բարդություններ, արյունահոսություն և այլն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: