ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը կդառնա  2 տարի՝ 3-ի փոխարեն

16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը կդառնա 2 տարի՝ 3-ի փոխարեն

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ՝ կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով:

Ըստ հիմնավորման, մասնավորապես, շահառուն կամ նրա ներկայացուցիչը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն կամ հավաստագիր տրամադրող մարմին: Սակայն իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ շահառուի համար ավելի նպատակահարմար է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրող իրենց տարածքային մարմիններին, որտեղ ստանում են նաև խորհրդատվություն անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Խնդիրներ են առաջացել նաև որոշմամբ սահմանված լսողական սարքի անհրաժեշտության մասին տեղեկանքի կիրառման արդյունքում:

Փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է սահմանել, որ շահառուն հավաստագիր ստանալու համար դիմում կարող է ներկայացնել նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (ՍԱՏԳ): Հստակեցվում են նաև որոշ աջակցող պարագաների տրամադրման հետ կապված հարցեր: Հաշվի առնելով, որ պետական հավաստագրերի միջոցով տրամադրվելու են 81 անուն աջակցող միջոցներ, նախորդ 3 անուն աջակցող միջոցների փոխարեն, որակավորման համար դիմող կազմակերպությունների դիմումները կտրուկ ավելացել են:

Դրանով պայմանավոված՝ աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների որակավորման համար ներկայացրած փաստաթղթերի լիարժեք ուսումնասիրության, որակավորման ամբողջական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով երկարացվում են որակավորման ընթացակարգի և պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ ժամկետները:

Ներկայացված նախագծի շրջանակում, հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, այսուհետ 0-16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը կդառնա  2 տարի՝ 3-ի փոխարեն:

 

  • Կիսվել: