չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
120 դրամանոց դիմակը սպառողներին հասել է 220 դրամով. Գեղամ Գևորգյան

120 դրամանոց դիմակը սպառողներին հասել է 220 դրամով. Գեղամ Գևորգյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ՏՄՊՊՀ հաշվետվության ժամանակ անդրադառնալով դիմակների գներին, նշեց, որ անձամբ իր համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է դիմակի գինը 70-80 դրամից այդքան բարձրանալ։

«Որևէ կերպ չեմ կարողանում հաշվարկել, թե ինչպես պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման դիմակը՝ ոչ բժշկական, ոչ պրոֆեսիոնալ, անկեղծ ասած, մի քիչ վառ երևակայություն է պետք հասկանալու համար, թե ինչպես է, որ գինը հասնում է 220 դրամի»,- դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին՝ ասաց ԱԺ նախագահը։

Նա խնդրեց մանրամասն ներկայացնել, որ այնպես չէ, թե համավարակի պայմաններում ինչ-որ տնտեսվարողներ կարող են օգտվել առիթից և այսպիսի իրավիճակում գերշահույթներ ապահովել։

Գեղամ Գևորգյանն ասաց, որ եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ-մայիսին եղել է 116 դրամ։ Նրա խոսքով, Հայաստան ներկրված հումքի գինը ևս թանկացել է. «Այստեղ տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ, առաջացել է դեֆիցիտ»։

Նա միաժամանակ նշեց, որ իսկապես կան տնտեսվարողներ, որոնք օգտվել են այս իրավիճակից։

«Այո, մեր կարծիքով՝ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ, բայց խոսքն այն մասին չէ, որ 5 դրամով են ձեռք բերել և վաճառել են 200-220 դրամով, խոսքն այն մասին է, որ, օրինակ՝ 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամով, ընդ որում՝ հարկերը ներառյալ, և եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը»,- նշեց Գեղամ Գևորգյանը։

Դրա համար, ըստ նրա, հարուցել են վարույթ։ Բացի այդ, ինչպես ասաց ՏՄՊՊՀ նախագահը, վարույթ են հարուցել նաև ձեռնոցների շուկայում, թեև այստեղ ավելի քիչ գնաճ է նկատվել։

  • Կիսվել: