ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
100 հազար դրամ տուգանք՝ դիմակ չկրելու համար

100 հազար դրամ տուգանք՝ դիմակ չկրելու համար

Մայիսի 25-ից նաև բացօթյա տարածքներում դիմակ կրելը պարտադիր է լինելու: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ դիմակները կարող են լինել նաև կտորից:

Ավինյանը նշեց, որ երթուղայինում ևս դիմակ կրելու պարտադիր պահանջ է լինելու, սակայն դա չի նշանակում, որ երթուղայինում պետք է սահմանված չափից շատ ուղևորներ լինեն: Տրանսպորտը նաև պետք է ախտահանվի. «Մենք հանրային տրանսպորտը բացում ենք պայմաններով, որոնք չկատարելու դեպքում հետևանքներ են լինելու»:

Բոլոր նրանք, ովքեր դիմակ չեն կրի, կտուգանվեն 100 հազար դրամի չափով: Ի դեպ, որպես ինքնաշեն դիմակ կարող է լինել շարֆը, կամ որևէ կտոր, որը կփակի դեմքը:

Հարցին՝ արդյո՞ք դիմակներ պետք է դնեն նաև մանկահասակ երեխաները, Ավինյանը նշեց, որ խելագարության կանխավարկածով չեն առաջնորդվելու. «Ինչ-որ մի տարիքի երեխաների համար նման պահանջ չի կարող լինել: Մենք դեռ պետք է հստակեցնենք, թե մինչև որ տարիքի երեխաների համար դիմակը պարտադիր չի լինի»:

Ինչ վերաբերում է դիմակ կրելու հարցում անհարմարություններին, Ավինյանը նշեց, որ վարակվելը շատ ավելի մեծ անհարամարություններ  է պահանջելու և դա վերաբերում է ոչ միայն մեկ անձի, այն խնդիր է ողջ հասարակության համար.

«Մենք չենք ուզում, որ այգիներում մահճակալներ դնենք ու մարդիկ մեր աչքի առաջ մահանան: Այո, անհարմար է, դիմակները թանկ են, սակայն պահանջները դնում ենք, որպեսզի չգնանք վատ սցենարով գնացած երկրների ճանապարհով»:

  • Կիսվել: