ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
10 տարի ընդհատված Հալեպ–Երևան չվերթը վերականգնվել է. առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել

10 տարի ընդհատված Հալեպ–Երևան չվերթը վերականգնվել է. առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր վայրէջք կատարեց Cham wings ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ չվերթի օդանավը, գրում է armeniasputnik.am-ը:

Առաջին չվերթով Հայաստան է ժամանել նաև ՀՀ–ում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Իբրահիմը։ «Զվարթնոցում» լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնել է, որ չվերթերի վերականգնման մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2 ամիս առաջ: 

«Cham wings ավիաընկերության այս չվերթը հեշտացնում է հատկապես սիրիահայերի` իրենց տուն այցելելը»,– ասաց նա` շնորհակալություն հայտնելով Հայաստանին ու հայությանը` Սիրիային մշտապես օգնության ձեռք մեկնելու համար։

150 տեղանոց ինքնաթիռով այսօր Հայաստան է ժամանել 147 ուղևոր։

Առայժմ վերականգնվել են միայն Սիրիական ավիաուղիների և մասնավոր «Աջնիհաթ Շամ» ավիաընկերության ՝ Դամասկոսից և Հալեպից Երևան և հակաակ ուղղությամբ չվերթները։ Մոտ ժամանակներս հայկական ավիաընկերությունները ևս կվերսկսեն թռիչքները դեպի Սիրիա:

Ավելի վաղ Հալեպի օդանավակայանի պաշտոնական կայքում հաղորդվել էր, որ դեպի Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն սեպտեմբերից ՝ ամեն շաբաթ օր:

Նշենք, որ Սիրիայում պատերազմի սկսվելուց հետո Հալեպ-Երևան-Հալեպ չվերթները դադարեցվել էին: Որոշ ժամանակ անկանոն թռիչքներ էին իրականացվում Դամասկոս` հիմնականում հայազգի տեղահանվածներին Հայաստան տեղափոխելու համար, սակայն դրանք նույնպես դադարեցվել էին համավարակի պատճառով:

  • Կիսվել: