ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
1 մլրդ 66 մլն դրամի շրջանակում 82 փախստական ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր

1 մլրդ 66 մլն դրամի շրջանակում 82 փախստական ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր

Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեցԱդրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։Ընդհանուր թվով ԲԳՎ-ներ են հանձնվել արդեն 82 ընտանիքների՝ 1,66 մլրդ դրամի շրջանակում։  Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Միգրացիոն ծառայությունից։

Առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից դեռևս վկայագրեր չստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը ուսումնասիրման փուլում են։ Այս նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը շաբաթական պարբերականությամբ նիստեր է անցկացնում։

 

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցնում վկայագրերը բնակավայրեր։

Պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով՝  մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։

Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։

Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես  լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

  • Կիսվել: