շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զոհվածների ծնողները որպես տուժող չեն ներգրավվի Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու բողոքին. որոշումը վրդովեցրեց ծնողներին (տեսանյութ)

Զոհվածների ծնողները որպես տուժող չեն ներգրավվի Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու բողոքին. որոշումը վրդովեցրեց ծնողներին (տեսանյութ)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը բողոքաբերները միջնորդեցին որպես տուժող ներգրավել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին։

Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի խոսքով՝ պետական իրավասու մարմնի անգործության կամ մեղավորության արդյունքում զոհվածների ծնողները տուժողներ չեն ճանաչվել, որը, ըստ նրա, եղել է վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը։

Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը, նշելով, որ նշված բողոքը քննելու համար դատավարության երկու կողմերը կան, եւ չի տեսնում հիմքեր շահագրգիռ այլ կողմ ներգրավելու համար։

Դատարանի այդ որոշումը զոհվածների ծնողներին վրդովվեցրեց։ Նրանք պնդում էին, որ դատավոր Բիշարյանն անաչառ չի քննելու իրենց բողոքը եւ կրկին պահանջում էին՝ ինքնաբացարկ հայտնել։

Ըստ ծնողներից մեկի՝ դատարանն այդ որոշումով իրենց չի հարգում. «Մեր երեխեքը, մեր ախպերները գնան, կոտորվեն, հիմա դուք խոսեք, իսկ մենք չխոսե՞նք։ Մենք պիտի խոսենք, իսկ դուք լսեք։ Ինչքան ուզեմ, խոսելու եմ, անգամ վարչապետը չի կարողացել իմ բերանը փակի»։

Դատարանը նիստը հետաձգեց՝ աշխատանքային ժամի ավարտի պատճառով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունն այսօր լարված մթնոլորտում է անցել։ Բողոքաբերներ Արծվիկ Մինասյանը եւ Հակոբ Մարտիրոսյանը միջնորդել էին Կարեն Բիշարյանին՝ ինքնաբացարկ հայտնել այս գործից։ Նրանք որպես հիմք էին ներկայացրել այն, որ այս բողոքը Բիշարյանին է մակագրվել ոչ թե համակարգչային եղանակով, այլ ձեռքով՝ դատարանի նախագահի կողմից։ Միջնորդությանը միացել էին նաեւ զոհվածների ծնողները. դատավորը հեռանալով խորհրդակցական սենյակ՝ մերժել է միջնորդությունը։ Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին Մինասյանը եւ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ, ինչը, սակայն, մերժվել էր։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան։

Աղբյուրը՝ news.am

  • Կիսվել: