շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Զոհվածների ծնողներին շփոթել են մեղադրյալների հետ. փաստաբանն արձագանքելն է ՔԿ-ի հայտարարությանը

Զոհվածների ծնողներին շփոթել են մեղադրյալների հետ. փաստաբանն արձագանքելն է ՔԿ-ի հայտարարությանը

ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին շփոթում է մեղադրյալների հետ։ Այս մասին, այսօր Քննչական կոմիտեից դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով ՔԿ հայտարարությանը։

Նշենք, որ ՔԿ-ն այսօր հայտարարություն էր տարաել՝ նշելով, որ զոհվածների հարազատների հետ, որոնք գործով տուժողներ են, հանդիպումների ժամանակ նրանք ներկայացնում են կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ, որ վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել  էմոցիոնալ, վիրավորական արտահայտություններ, որ ծնողները հրաժարվում են առերեսումներին մասնակցել, և նրանց պահանջները հակաօրինական են։

Այս առնչությամբ փաստաբանն ասաց, որ եթե ՔԿ–ի դիրքորոշումը դա էր, ապա ինչու այն չտարածվեց երեկ ժամը 15-ից հետո, որ ծնողներն էլ իրենց անելիքն իմանային ու գուցե, օրինակ, գիշերը ՔԿ–ի առջև չմնային։

«Իրականում քննչական կոմիտեի պարզաբանումը չպարզաբանում էր. ՔԿ–ն ասում է, որ ծնողները չեն համագործակցում իրենց հետ։ Կոչ եմ անում հենց հիմա հրապարակեն քրեական դատավարության այն նորմը, համաձայն որի` օրենսդրական պահանջ է ներկայացվում ծնողներին համագործակցել ՔԿ հետ։ Այդպիսի որևէ իրավական նորմ` համագործակցության պահանջ, գոյություն չունի, ծնողները համագործակցում են այնքան, որքան անհրաժեշտ են համարում»,–ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ծնողների պահանջի «անօրինական լինելուն», ապա փաստաբանը կոչ արեց ՔԿ–ին թույլատրելիության սահմաններում հրապարակել առերես հարցաքննությունների ընթացքում ոստիկաններին տված հարցերի պատասխանները։ Հովհաննիսյանը պնդեց, որ միայն ոստիկանների ցուցմունքները բավարար են նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու համար։

«Ոստիկանների հետ երկրորդ-երրորդ առերեսումից հետո պարզ էր, որ դրանք տեխնիկական-մեխանիկական բնույթ են կրում, այսինքն` գործողությունների բազմակիությունը չի կարող հիմնավորել մեղադրանքը։ ՔԿ–ն համանման 3-4 առերեսում ունի, որը բավարար էր ոստիկաններին մեղադրանք ներկայացնելու համար. կոմիտեն հաշվի չի առնում, որ յուրաքանչյուր առերեսում ծնողի համար ծանր հույզեր են»,-ասաց փաստաբանը:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ ՔԿ–ն այդպես էլ որևէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացնում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պարզապես նման ցուցում չունեն։

  • Կիսվել: