երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Զինվորականների պաշտոնանկություններից օրինական է միայն կորպուսի հրամանատարին ազատելու հանգամանքը. Փաստաբան

Զինվորականների պաշտոնանկություններից օրինական է միայն կորպուսի հրամանատարին ազատելու հանգամանքը. Փաստաբան

Զորամասի կացարանում հրդեհից հետո կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դեպքի վայրում հակահրդեհային կանոնները չեն պահպանվել. Ես հռետորական հարց եմ տալիս՝ իսկ այդ վայրում ընդհանրապես որեւէ կանոն գործե՞լ է, որ մի հատ էլ հրդեհային անվտանգության կանոնները չեն գործել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Այդ նույն նիստում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ հրդեհի նախնական վարկածի համաձայն հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետեւանքով է տեղի ունեցել բռնկումը, որի ժամանակ արգելված  միջոց՝ ավտոբենզին է կիրառվել: Նաեւ Պապիկյանը զեկուցել է, թե քանի պաշտոնատար անձ է ազատվել պաշտոնից: Այդ պաշտոնանկություններից օրինական է միայն կորպուսի հրամանատարին ազատելու հանգամանքը, օրենքը առանց որեւէ սահմանափակման այդպիսի հնարավորություն տալիս է վարչապետին՝ համապատասխան միջնորդագիր ՀՀ նախագահին ներկայացնելու: Իսկ մնացած զինվորականների դեպքում, այսինքն բոլոր այն զինվորականները, որոնք ազատվել են Փաշինյանի ցուցումով եւ Պապիկյանի հրամանով, օրենքը նման բան չի նախատեսում»,-ասաց Նորիկյանը:

Նրա խոսքով, այդ պաշտոնանկություններն արվել են հանրության զայրույթը մեղմելուց դրդված. «Բայց մենք դրանով չենք նպաստել այս գործի բացահայտմանը: Կարծում եմ՝ պետք էր զրկել որեւէ մեկին ինչ-որ ենթադրյալ հիմքերով իրենց վերաբերյալ ապօրինություն ցույց տալը մատնանշելու հնարավորությունից»:

Նորիկյանը վկայակոչելով նախկինի փորձը, մտավախություն հայտնեց, որ այս գործի բոլոր հանգամանքները չեն բացահայտվի, մեղավորները չեն պատժվի, եւ հերթական անգամ կպատժվեն միայն սլաքավարները:

Խոսելով դեպքի հնարավոր վարկածնրի մասին, փասաբանը ասաց․

«Դեպքից մեկ օր անց Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՓԾ գնդապետի հայտարարությունը լույս է սփռում այս գործի վրա։ Արսեն Սարոյանը տառացիորեն հայտարարել է․ «Զոհված զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած, մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց»։

Համադրելով այս տեղեկատվությունը և տուժողների հետ ունեցած խոսակցությունները, ինքս գտնվելով դեպքի վայրում և ուսումնասիրելով շենքի դիրքը, սենյակների դիրքը, ճաղավանդակները, կասկածի տակ դրեցի պաշտոնական վարկածը։ Զինվորները եղել են մահճակալներին պառկած՝ անգիտակից վիճակում, հակառակ դեպքում ինչպես կարող է դուրս գալու միջոցներ չձեռարկեին կամ ողջ մնացած 6 հոգին ինչու չեն արթնացրել քնած զինվորներին։ ՓԾ գնդապետի հայատարությունից օրեր անց Հանրային հեռուստանկերության եթերում զինդատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետի կողմից հայտարարվում է, որ 15 զոհվածներից 14-ի դիերը հայտնաբերվել են ոչ թե մահճակալներին, այլ ննջարանի տարբեր հատվածներում, իսկ 1-ի դին՝ նախասրահում։ Այսինքն դատախազությունը դեպքից 17 օր անց միայն տրամագծորեն տարբերվող ու հակասող տեղեկություն է դնում շրջանառության մեջ, ինչը մեծացնում է այս գործի նկատմամբ տուժողների թերահավատությունը։ Եթե նույն օրը գիտեիք, թե զինվորների դիերը որտեղ են եղել, ապա ինչու է գնդապեը նման տեղեկատվություն հաղորդում և ինչու միանգամից չեք շտկել կամ հերքել գնդապեի ասածը։ Ստացվում է, որ հանրությանը հաղորդվում է խեղաթյուրված տեղեկատվություն»։

  • Կիսվել: