հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ժողովուրդ». Մանրամասներ դատավորների ընդհանուր ժողովից․ սուր դրվագներ տեղի չեն ունեցել

«Ժողովուրդ». Մանրամասներ դատավորների ընդհանուր ժողովից․ սուր դրվագներ տեղի չեն ունեցել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովը հանգիստ է անցել, եւ չնայած նիստի ժամանակ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություններ, սակայն, որպես այդպիսին, սուր դրվագներ տեղի չեն ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանն է հարց ուղղել ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին:

Մասնավորապես, վերջինս հետաքրքրվել է, թե ինչու է որոշել թողնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը եւ գնալ ու դառնալ Սահմանադրական դատարանի անդամ: Նա նաեւ հետաքրքրվել է, թե ինչ անձնական ցանկություններ ունի, ինչ երաշխիքներ են նրան տվել եւ ինչ են խոստացել:

Սակայն, ի պատասխան, Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, թե անձնական դրդումներ չի ունեցել, սակայն հիմա ցանկանում է իր աշխատանքային գործունեությունը շարունակել ՍԴ-ում:

Հիշեցնենք, որ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամի թեկնածու ինքնաառաջադրվելու որոշումն իսկապես անակնկալ է եղել դատական համակարգի ներկայացուցիչների համար, եւ դատավոր Նախշքարյանի հարցը եւս այդ պատճառով է տրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • Կիսվել: