հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ժողովուրդ». Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ

«Ժողովուրդ». Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ այսօր ԲԴԽ-ում քննարկվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը, եւ նախնական քննարկման ժամանակ ԲԴԽ շատ անդամներ եկել են այն եզրակացության, որ այլ ելք չունեն եւ պետք է կայացնեն դրական՝ բավարարող որոշում: Ինչո՞ւ. ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, եւ նրա լիազորությունները դադարեցվեցին:

Սակայն Մելքումյանը, չհաշտվելով այդ որոշման հետ, իր ոտնահարված իրավունքների վերականգնման հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, եւ արդյունքում հակասահմանադրական էր ճանաչվել ԲԴԽ որոշումը: Ու չնայած դատավորն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուամենայնիվ, փաստաբանի միջոցով դիմել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի վերականգնեն լիազորությունները: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ-ում նաեւ նեղսրտած են, քանի որ պետական բյուջեից պետք է 10 միլիոն դրամից ավելի գումար փոխհատուցեն դատավոր Արայիկ Մելքումյանին հարկադիր պարապուրդի համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: