երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Յուրացման դեպք քրեակատարողական հիմնարկում. ոստիկանների բացահայտումը

Յուրացման դեպք քրեակատարողական հիմնարկում. ոստիկանների բացահայտումը

Հունվարի 1-ին «Հրազդան» ՔԿՀ շենքի և գույքի պահպանությունը իրականացնող ԱՆ Կենտրոնական պահպանության աշխատակիցները հերթապահությունը ստանձնելուց առաջ պարզել էին, որ գույքի որոշ մասը բացակայում է, այն է՝ խցերի սառնարանների շարժիչներ, պղնձե խողովակներ, վարդակներ, լամպեր, սանհանգույցների ու լոգարանների ծորակներ, մի քանի խցերի հատակի լամինատները, մետաղական և փայտյա դռներ։

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել։ Դեպքը, ըստ նախնական տվյալների, դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 1-ն էր եղել։

Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ են սկսվել։ Օպերատիվ հարցումներ են իրականացվել ինչպես շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրի, այնպես էլ գունավոր մետաղի ընդունման կետերում։

Ձեռնարկված միջոցառումներով Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալներից մեկը, որ ներկայումս պատիժը կրում է մեկ այլ քրեակատարողական հիմնարկում, դեկտեմբերին կնոջ հորն է փոխանցել սառնարանի 4 շարժիչ, նա էլ ապամոնտաժել էր շարժիչներն ու մետաղների ընդունման կետ հանձնել:

Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ քրեակատարողական հիմնարկից յուրացումը կատարել են նույն հաստատության երեք աշխատակից, որոնցից մեկը՝ Արզական գյուղի, երկուսը՝ Սևան և Հրազդան քաղաքների բնակիչներ։

Հունվարի 18-ին Սևան քաղաքի բնակիչը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են ներկայացել երկու հանցակիցներն ու քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի աները։ Նրանք տվել են խոստովանական բացատրություններ։ Յուրացված ապրանքը մասամբ հայտնաբերվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: