ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Յուքոմի» մասնաճյուղում ավազակության դեպքի առթիվ ձերբակալվել է 39-ամյա տղամարդ. ՔԿ

«Յուքոմի» մասնաճյուղում ավազակության դեպքի առթիվ ձերբակալվել է 39-ամյա տղամարդ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության մասնաճյուղում ավազակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը եկել է Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում գործող գրասենյակ և սկսել ձեռքերով հրել դուռը: Աշխատակցուհին ներսից ձեռքերով բացատրել է, որ աշխատանքային ժամն ավարտվել է, և գրասենյակը փակ է, սակայն 39-ամյա տղամարդը, ոտքերով և ձեռքերով հարվածելով, կոտրել է մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք գործել հիշյալ գրասենյակ, այնուհետև սպառնալիքներ հնչեցնելով ՝ բջջային հեռախոսների համար նախատեսված ցուցատախտակի վրայից բացահայտ հափշտակել է երկու բջջային հեռախոս և աշխատակցուհուն հրելով՝ ցանկացել է դուրս գալ: Սակայն գրասենյակում գտնվող հաճախորդի գործողությունների արդյունքում հիշյալ անձը չի կարողացել հափշտակել բջջային հեռախոսները և դրանք նետել է գրասենյակի սրահում:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցանքի գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, վերցվել դեպքի վայրը տեսանկարահանած տեսախցիկների տեսագրությունները:

39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) հատկանիշներով նախատեսված հանցավոր արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: