ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը անվավեր է. Արամ Վարդևանյան

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը անվավեր է. Արամ Վարդևանյան

 

  Մեր դիմումում ներկայացրել ենք, որ այս ընտրությունների շղթան սկիզբ է առել մարտ ամսից Հանրապետության նախագահի լիազորությունը վարչապետի կողմից իրացնելու միջոցով: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

 Արամ Վարդևանյանը հիմնավոր է համարում ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահման, ատելության խոսքի և մի շարք այլ խնդիրների մասին Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց փաստերը և բավարար՝ բարձր դատարանի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմը իրականացնելու համար:

«Նշվածը սույն քննության ընթացքում չհերքվեց: Ավելին. այն, որ նման գործընթաց կարող էր տեղի ունենալ հենց ճնշման միջոցով զուտ մեկ օրինակ կհիշեցնեմ: Երբ Հանրապետության նախագահը առաջին անգամ իրացրեց իր լիազորությունը և բարձրաստիճան զինվորականին պաշտոնից ազատելու առաջարկը ետ վերադարձրեց, անմիջապես դրան հաջորդեց հայտարարություն, նույնիսկ հենց բարձր դատարանում որպես դիմողի երրորդ անձի ներկայացուցիչ հանդիսացող անձի կողմից, որ պետք է քննարկել իմպիչմենտի հնարավորության հարցը: Ու այս պայմաններում խոսել Հանրապետության նախագահի լիազորությունները, այդ թվում, ճնշման միջոցով չյուրացնելու մասին, միամտություն է»,- ասաց Վարդևանյանը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նշեց, որ դիմումում առավել, քան հստակ ներկայացրել են վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը, որն առհասարակ խաթարել էր հավասարության և օրինականության սկզբունքը այս ընտրություններում:

«Բավականաչափ ծավալուն խոսվեց, թե վարչապետը հրաժարական տալով՝ կարող է շարունակել պաշտոնավարել, թե ոչ: Այս հարցի հստակ պատասխանն այն է, թե ինչու որոշեց բոլոր դեպքերում հրաժարական տալով հանդերձ շարունակել պաշտոնավարել: Դրա պատասխանը մեկն է` դա հենց վարչական ռեսուրսի չարաշահումն է, դա հենց մրցակցային առավելություն արհեստական ստանալն է: Բարձր դատարանում քննարկվեց առհասարակ բարձրագույն պաշտոն զբաղեցնողի անընդհատության իրավական պրակտիկան, որը մենք ունեցել ենք: Անընդհատության պրակտիկան, ի դեպ, մեկ անգամ հստակ հաստատվել էր: Դա 1998 թվականն էր, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց հրաժարական տալու մասին, և դա նշանակում էր հրաժարական, ինչպես և ցանկացած ողջամիտ երկրում: Եթե անձը հրաժարական է տալիս, դա նշանակում է հրաժարական: Բայց ինչու եղավ այլ կերպ այս դեպքում, պատասխանը հենց վարչական ռեսուրսի չարաշահումն էր: Մենք փաստացի դատարանին ներկայացրեցինք իրավական փաստ առ այն, որ վարչական ռեսուրսը չարաշահվել է: Մենք հնարավորություն չունեցանք ներկայացնելու այն ողջ ծավալը պարգևատրումների, լրավճարումների: Մենք ներկայացրեցինք, որ, փաստորեն, նախընտրական քարոզարշավի կարևոր փուլում միլիարդավոր դրամներ վերադարձվում են իրավաբանական անձանց: Դա չի արվում մինչև նախընտրական քարոզարշավը, այլ դա արվում է հենց մայիսի 10-ից հետո: Կարծում եմ, ակնհայտ է, որ այնտեղ ոչ մի պատահականություն չկա»,- ընդգծեց Վարդևանյանը:

Վարդևանյանի խոսքով` սույն քննության ընթացքում բացահայտել են, որ փաստորեն «Հայաստան» դաշինքի անդամների, թիմակիցների նկատմամբ կիրառվել է իրավապահ գործիքների ողջ մեխանիզմը:

«Հարյուրավոր մարդկանց բերման են ենթարկել կամ ստուգողական գործողությունների ենթարկել: Սա, ըստ էության, պարզ դարձավ հենց հարակից պատասխանող հանդիսացող դատախազության կողմից ներկայացված հաշվետվությունից: Մենք ստուգողական գործողությունների վերաբերյալ մանրակրկիտ տվյալները չունեցանք, բայց պատկերը առավել, քան հստակ ընկալեցինք: Բայց ինչն էր նաև շատ կարևոր, որ, պատկերացրեք, բարձր դատարան, կան քրեական գործեր հարուցված, այդ քրեական գործերով կան տուժողներ, տուժողները և քրեական գործի հարուցման հիմքը հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ուղղակի առնչություն ունեցող անձանց գործողությունները, բայց մեղադրյալ չկա: Կարծում եմ, սա նաև խոսում է այն մասին, որ մեր իրավապահ համակարգը չունեցավ այն անկախությունը, որը պետք է ունենար, բայց կունենար, եթե վարչապետի պաշտոնակատարը լիներ անձ, որը կհամապատասխաներ Սահմանադրության պահանջներին, այլ ոչ թե անձ, որը տալիս է հրաժարական, բայց Սահմանադրությունը խախտելով շարունակում է պաշտոնավարել»,- ավելացրեց Վարդևանյանը:  

 

  • Կիսվել: