երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ընտանեկան բռնության զոհերի ապաստարանների տեղը պետք է գաղտնի լինի. նոր պահանջներ են սահմանվել

Ընտանեկան բռնության զոհերի ապաստարանների տեղը պետք է գաղտնի լինի. նոր պահանջներ են սահմանվել

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում փոփոխություններ կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է ընտանիքում բռնության դեմ պայքարին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ թեեւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, այդուհանդերձ, դրանք որոշ դեպքերում բավականին ընդհանրական են ձևակերպված, պահանջների ցանկը նեղ է և չի ներառում անվտանգության, գաղտնիության, ապրելու համար նվազագույն պայմանների և այլ միջազգայնորեն ընդունված կարևոր չափանիշներ, որոնք թույլ կտան երաշխավորել ապաստարանի գործունեության արդյունավետությունը:

Եվրոպայի խորհրդի կողմից մշակվել է ընտանեկան բռնության զոհերի ապաստարանների վերաբերյալ նվազագույն չափանիշներ, ինչպես օրինակ, ապաստարանում ծառայությունները պետք է մատուցվեն կին աշխատողների կողմից, շահառուների անվտանգությունը պետք է երաշխավորվի գաղտնի հասցեով և անվտանգության համակարգերով, ապաստարանը պետք է աջակցի կնոջը իր երեխայի կրթության կազմակերպման հարցում, ապաստարանը պետք է շահառուին ընդունելու պահից 3-ից 7 օրվա ընթացքում իրականացնի վերջինիս կարիքների գրավոր գնահատումը:

Բռնարարները կարող են նաև բջջային հեռախոսներ օգտագործել բռնության զոհերին հետևելու համար: Թեև հասկանալի է, որ որոշ ապաստարաններ արգելում են բջջային հեռախոսներն այս պատճառով, սակայն դա նույնպես խնդրահարույց է, քանի որ սահմանափակում է կանանց տեղեկատվության ազատությունը: Այլընտրանք կարող է լինել շահառուներին ուսուցանել օգտագործելու իրենց բջջային հեռախոսները այնպես, որ դրանք չվտանգեն սեփական անվտանգությունը կամ ապաստարանում գտնվող այլ բնակիչների անվտանգությունը»:

Այս փոփոխությամբ առաջարկվում են հետևյալ հիմնական փոփոխությունները`

ամրագրվել են այն սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի ապաստարանի գործունեությունը: Դրանք են` անվտանգության և պաշտպանության ապահովման առաջնայնություն, խտրականության բացառում, տեղեկացված լինելու իրավունքի երաշխավորում, մասնավոր  և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների անձեռնմխելիություն, արժանապատվության, անձնական կյանքի, ինքնուրույնության, ազատ ընտրության և անկախության նկատմամբ հարգանքը, երեխայի լավագույն շահերի առաջնահերթություն, շահառուների աշխատելու և կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ հարգանքը, իրավահավասարություն, մատչելիություն և ներառականություն,

սահմանվել են ապաստարանի անվտանգության և ապահովության, գաղտնիության, շահառուների ապրելու և նրանց իրավունքների իրացման մանրամասն չափանիշները, ապաստարանի կողմից տրամադրվող օգնության ձևերը,

 

ամբողջությամբ վերանայվել են ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջները,

սահմանվել է ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը:

  • Կիսվել: