Ընդդիմության հավաքի մասնակիցը հետախուզվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022թ. մայիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն օրը քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը հավաքի մասնակիցների կողմից սահմանափակելու ժամանակ, նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված՝ հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, բացի այդ, բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: