ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը

Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը

2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Նշված ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 1 մլրդ 388 մլն 244 հազար 343 դրամը, որից 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը՝ պետությանը պատճառված վնասի չափն է, 61 մլն 491 հազար 343 դրամը՝ համայնքներինը (այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին):

Նշված վարույթներով նախաքննության ընթացքում 35 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, արգելանք է դրվել 412 մլն 440 հազար դրամ բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքերի վրա, որոնց արժեքը դեռ որոշված չէ:

  • Կիսվել: