Ադրբեջանցիների կողմից օտարերկրացի լրագրողին զենքով սպառնալու դեպքով քրեական գործ է հարուցվել
Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր դեպի երկրի ներսն ընկած տարածքում իր մասնագիտական գործունեությունն իրականացնող միջազգային լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, զենքով նրան սպառնալու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հրապարակումները ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու նպատակով։
Արդյունքում ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։
Նախաքննությամբ կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները»,- գրել է Աբրահամյանը: