Վարչապետն ընտրությունների օր հայտարարելու լիազորություն չունի, դա նախագահի լիազորությունն է. Վարդևանյան
Վարչապետը փաստացի ստանձնել էր նախագահի լիազորությունը: Այս մասին այսօր ՍԴ-ում ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը` պատասխանելով արդարդատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հարցերին:
Վարդեւանյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Խնդիրը կայանում է ոչ թե նրանում,որ պարզապես նախապատրաստվելու խնդիր է առաջանում, այլ այն, որ վարչապետը հայտարարում է ընտրությունների օր, որովհետեւ վարչապետը ընտրությունների օր հայտարարելու լիազորություն չունի, դա հանրապետության նախագահի լիազորությունն է, սա առաջին:
Երկրորդը՝ այո, նախապատրաստվելու տեսանկյունից, ի վերջո, մեկ ուժ, եթե կարող է որոշել ընտրությունների օր, կարող է, չէ՞, որոշել, որ այդ ընտրությունները չեն լինելու, կարող է որոշել, որ ընտրությունների օրը տեղափոխելու է: Այսինքն՝ մի քաղաքական ուժ առնվազն մարտ ամսից գիտեր, թե ինչ է լինելու հունիսի 20-ին, ու գիտեր՝ ո՛նց անի, իսկ մյուսները չգիտեին՛՛:
Ըստ Վարդեւանյանի՝ վարչապետը փաստացի ստանձնել էր նախագահի լիազորությունը՝ արդեն իսկ խախտելով ՛՛Հայաստան՛՛ դաշինքի իրավունքները:
Նա նշեց. ՛՛Եւ արդեն իսկ մարտ ամսից վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով, արդեն իսկ նախընտրական քարոզարշավին բնորոշ հանդիպումներ էին տեղի ունենում, մարզային այցելություններ էին տեղի ունենում՛՛: