ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վահե Գրիգորյանը որևէ նիստի չի մասնակցել, բայց աշխատավարձ ստանում է. Էդգար Ղազարյան

Վահե Գրիգորյանը որևէ նիստի չի մասնակցել, բայց աշխատավարձ ստանում է. Էդգար Ղազարյան

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո որևէ նիստի չի մասնակցել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին:

Նրա խոսքով, նիստերին մասնակցելը ՍԴ դատավորների պարտավորությունն է, դատավորների աշխատանքը արտահայտվում է նիստերին մասնակցելով:

«Մինչդեռ Վահե Գրիգորյանն իր պաշոտնը ստանձնելուց հետո որևէ նիստի չի մասնակցել, այդ թվում աշխատակարգային նիստերին: Բայց ես ՍԴ շենքում նրան հաճախ եմ տեսնում, նրան հատկացված մեքենան հաճախ ենք տեսնում»,- ընդգծեց աշխատակզմի ղեկավարը։

Ինչ վերաբերում է վերջինիս աշխատավարձից զրկելուն, Էդգար Ղազարյանն ասաց, որ իրենք նման լիազորություն չունեն. «Ինքը կարող է հրաժարվել աշխատավարձից կամ փոխանցել որևէ հիմնադրամի»:

Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու նա նիստերին չի մասնակցում։ Ես այդ թեմայով չեմ զրուցել իր հետ, դատավորի կարգավիճակը և իմ կարգավիճակը թույլ չի տալիս, որ ես դատավորից բացատրություններ պահանջեմ: Ես այդպիսի իրավունք չունեմ»:

Անդրադառնալով Վահե Գրիգորյանին պարգևավճարներից զրկելուն, Էդգար Ղազարյանն ասաց, որ պարգևավճարը լրացուցիչ վճար է, որը հատկացվում է ըստ անհրաժեշտության, իրենց դեպքում՝ ՍԴ նախագահի կարգադրությամբ: «Հրայր Թովմասյանի վերջին մի քանի կարգադրություններով ինքը և Վահե Գրիգորյանը պարգևավճարներ չեն ստացել»,-ընդգծեց նա։

Էդգար Ղազարյանը նշեց նաև՝ վերջին շրջանում չի հիշում, որ Վ. Գրիգորյանին նոր նյութեր մակագրված լինեն: « Վահե Գրիգորյանն ինքն էլ էր ասում, որ չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, և որպեսզի գործը չտուժի, ՍԴ նախագահը նյութերը մակագրում է այլ դատավորների»,- հավելեց նա։

  • Կիսվել: