երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վահե Ղազարյանն ընդունել է Կավիտա Բելանիին

Վահե Ղազարյանն ընդունել է Կավիտա Բելանիին

Ապրիլի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /UNHCR/ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ։

Ներքին գործերի նախարարը, ընդգծելով Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, փախստականների հետ կապված օրենսդրության կատարելագործման, ապաստանի, քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված հարցերն ու այլ ուղղություններ։

Վահե Ղազարյանը կարևորել է 2023-2024 թվականների ընթացքում միգրացիայի և ոստիկանության բարեփոխումներին ուղղված՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվող մի շարք միջոցառումներ։

Կավիտա Բելանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փոխադարձ շնորհավորել է Վահե Ղազարյանին Հայաստանի ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել՝ իր գոհունակությունը հայտնելով ՀՀ կառավարությանը և Հայաստանի ժողովրդին անսահման հյուրընկալության և վեհանձնության համար, ընդգծելով դրանք որպես լավագույն փորձ։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող միջոցառումները։

Կավիտա Բելանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին այն քայլերի համար, որոնք իրականացվել են քաղաքացիություն չունեցող անձանց խնդրի կարգավորման ուղղությամբ։ Նա նշել է, որ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ մինչև այս տարվա վերջ Հայաստանում ապաքաղաքացիությունը վերացնելու նպատակով։

Կողմերը նաև քննարկեցին աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությանը՝ ուղղված տարբեր երկրներից ժամանած և տարիներ շարունակ Հայաստանում բնակվող փախստականների խնդրի լուծմանը։ Մասնավորապես կարևորվեց փախստականների կողմից Հայաստանի քաղաքացիության ձեռքբերումը, որպեսզի նրանք շարունակեն Հայաստանն իրենց տունը կոչել և մշտապես հաստատվեն։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շուրջ։

  • Կիսվել: