չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վահան Քերոբյանի հիմնած Menu.am-ը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ ընդդեմ «Յանդեքս սնունդի»․ «Հրապարակ»

Վահան Քերոբյանի հիմնած Menu.am-ը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ ընդդեմ «Յանդեքս սնունդի»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Յանդեքսը» նոր հավելված է գործարկել, որը կոչվում է Yandex Eats («Յանդեքս սնունդ»): Նոր հավելվածով «Յանդեքսն» առաջարկում է սննդի առաքման ծառայություն, ընդ որում՝ մինչեւ նոյեմբերի 15-ն առաքումները կիրականացնի լրիվ անվճար։ Ինչպես տաքսի ծառայության դեպքում, այս անգամ էլ «Յանդեքսը» շուկա է մտնում դեմպինգով։ Հիշենք, մի քանի տարի առաջ, երբ Yandex Taxi-ն մտավ Հայաստան, 200-300 դրամով ծառայություն էր մատուցում։ Դրանով գրավեց շուկան՝ ճնշելով մյուս խաղացողներին, մեծ թվով սերվիսներ փակվեցին, իսկ հիմա իր խոստացածից մի քանի անգամ բարձր սակագներ է սահմանում, հաճախ՝ մրցակիցներից ավելի բարձր։ Նույնը Yandex Eats-ի դեպքում է՝ անվճար առաքում, հետո՝ գուցե ցածր գներ, որով հաճախորդներ է խլում մյուսներից՝ դեմպինգի ենթարկելով մրցակից ընկերություններին, որից հետո կտրուկ կթանկացնի մատուցած ծառայության գները։

Նշենք, որ սննդի առաքման ոլորտում ամենահին ու ամենահայտնի ընկերությունը Menu.am-ն է, որը հիմնել է էկոնոմիկայի այժմյան նախարար Վահան Քերոբյանը։ Այն արդեն տասը տարի է՝ շուկայում է։ Քերոբյանը, սակայն, վստահեցնում է, որ նախարար դառնալուց հետո որեւէ առնչություն չունի Menu.am-ի հետ։ Այսօր Yandex Eats-ի դեմպինգից ամենաշատ տուժող ընկերություններից մեկը հենց Menu.am-ն է, իհարկե, հնարավոր է՝ մյուս նորահայտ ընկերությունները եւս հայտնվել են դեմպինգի տակ։ Մենք տեղեկացանք, որ Menu.am-ն այս հարցով դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով` ընդդեմ Yandex Eats-ի։ Եվ սա մեզ պաշտոնապես հաստատեցին ՄՊՀ-ից։

«Այո, Menu.am-ը դիմել է ՄՊՀ` «Յանդեքս սնունդ» ծառայության հարցով: Հանձնաժողովը քննարկում է վարույթի հարուցման առիթները»,- ասացին հանձնաժողովից: Մենք զրուցեցինք նաեւ Menu.am-ի գործադիր տնօրեն Դավիթ Բաբայանի հետ։ Նա, սակայն, զարմանալիորեն, չցանկացավ ուղիղ հաստատել տեղեկությունը, որ դիմել են ՄՊՀ։ «Իսկ որտեղի՞ց է Ձեր տեղեկատվությունը»,-հետաքրքրվեց նա, ապա հավելեց․ «Ես, անկեղծ, չեմ կարող Ձեր ինֆորմացիան կա՛մ հաստատել, կա՛մ հերքել»։

- Լավ, իսկ «Յանդեքս սնունդը» ձեր ընկերության համար խնդիրներ առաջացնո՞ւմ է իր անվճար առաքումներով, կամ ազդե՞լ են, արդյոք, ձեր պատվերների քանակի վրա նորահայտ ընկերությունները։

- Տեսեք, իրականում հետեւյալն է․ ե՛ւ շուկան է մեծանում, ե՛ւ, բնականաբար, շուկայում մրցակցությունն է մեծանում, ու մենք լավ ենք նայում դրան՝ շուկայի մեծանալուն եւ մրցակցային դառնալուն։ Միակ խնդիրն այն է, որ շուկայում բոլոր խաղացողներն իրար հետ մրցեն արդարացի ձեւով։

- Իսկ ոչ արդարացի մրցակցության դրսեւորումներ տեսնո՞ւմ եք դաշտում։

- Ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք, այո։

- Կոնկրետ «Յանդեքս սնունդի՞» մասով, թե՞ մյուսների եւս։

- Տարբեր, ոչ միայն։

- Այս պահին սննդի առաքման ծառայություն մատուցող քանի՞ ընկերություն կա։

- Էս պահին, որքանով մենք ենք տեղեկացված, շուկայում չորս մրցակից կա՝ Menu.am-ը, Glovo-ն, Yandex Eats-ը ու Buy.am-ը։ Դրան գումարած՝ նաեւ ռեստորաններն իրենց սեփական առաքումներն են անում ու անուղղակի կերպով նաեւ էլի մրցակցում են ագրեգատորների հետ, նկատի ունեմ՝ օնլայն պատվիրման հարթակների։

- Իսկ վիճակագրություն ունե՞ք, թե այս տարիներին ձեր ծավալներն ինչ չափով են աճել, կամ մրցակիցների ի հայտ գալուց հետո ձեր ատվերների քանակն ինչ փոփոխություն է կրել։

- Տեսեք, մի քիչ դժվար է դա գնահատել, բայց էն, որ 2022 թվականին շուկան բավականին աճել է, ու մենք էլ ենք պատվերների աճ գրանցել, դա կարող եմ նշել։ Ու ժամանակ առ ժամանակ լինում է ե՛ւ դրական դինամիկա, ե՛ւ բացասական դինամիկա։ Բայց 2022 թվականին բավականին աճել է շուկան եւ աճել է դաշտի բոլոր խաղացողների համար։

- Այս պահին դաշտում առաջատարը շարունակում է ձե՞ր ընկերությունը համարվել։

- Չեմ կարող ասել, իմ կարծիքով՝ այո, բայց, բնականաբար, չունեմ տեղեկատվություն մնացած ընկերությունների շրջանառության մասով։

-  Դուք այսօր ուղիղ կերպով դեմպինգի դրսեւորումներ նկատո՞ւմ եք դաշտում։

- Ժամանակ առ ժամանակ լինում են նմանատիպ եզրակացություններ մեր կողմից, բայց դա թողնում ենք մենք շուկան կարգավորողի ուսումնասիրությանը։

- Իսկ նախարար Վահան Քերոբյանը որեւէ առնչություն ունի՞ Menu.am-ի հետ, թե՞ հանձնել է հավատարմագրային կառավարման։

- Առնչություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

- Օրինակ՝ փայաբաժին ունի՞։ Խառնվո՞ւմ է իր հիմնած ընկերության գործերին կամ հետաքրքրվո՞ւմ է՝ գործերն ինչպես են, ինչ խնդիրներ կան, ինչ հաջողություններ ունեք։

- Կառավարման մասով ու գործունեությամբ զբաղվելու մասով, բնականաբար, չի առնչվում էկոնոմիկայի նախարարը՝ պայմանավորված հենց իր պաշտոնով։

- Իսկ փայաբաժին ունի՞, շահ հետապնդո՞ւմ է ձեր ընկերությունից։

- Չեմ կարող տեղեկատվություն տալ այդ մասով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: