շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի. որոշումն ի կատար չի ածվում. Ե․ Վարոսյան

Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի. որոշումն ի կատար չի ածվում. Ե․ Վարոսյան

2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշմամբ բեկանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2020 թվականի ապրիլի 1-ին կայացված որոշումը, որով թույլատրելի էր ճանաչվել ամբաստանյալ Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի կիրառումը որպես խափանման միջոց ճանաչվել է անթույլատրելի: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Արդեն 5 օր է, ինչ ոստիկանության զարմանալի անգործության հետևանքով որոշումն ի կատար չի ածվում: Իսկ այսօր Վահագն Աբգարյանի պաշտպանների կողմից տարածվել է հայտարարություն, թե իբր այդ որոշումն ի կատար ածվել չի կարող, քանի որ Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առանձին որոշում կայացված չէ:

Հույս ունեմ, որ գործընկերներս պարզապես թյուրիմացության մեջ են, քանի որ փորձում են առաջնորդվել 2020 թվականի ապրիլի 24-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն գրավն այլևս կալանավորման այլընտրանքային խափանման միջոց չի հանդիսանում, այլ առանձին խափանման միջոց է:

Մեր պարագայում, սակայն, առաջին ատյանի դատարանի կողմից կայացված (հիմա արդեն բեկանված) որոշումը կայացվել էր նախքան փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ապրիլի 1-ին, և բնականաբար առաջին ատյանի դատարանի կողմից գրավը ոչ թե որպես նոր խափանման միջոց էր ընտրվել, ոչ թե վերացվել կամ փոփոխվել էր ընտրված խափանման միջոց կալանավորումը, այլ պարզապես գրավի կիրառումը ճանաչվել էր թույլատրելի որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց: Նման պայմաններում պարզ է, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը դատական ստուգման էր ենթակա դրա կայացման պահին գործող՝ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող քրեադատավարական նորմերի համատեքստում:

Առաջին ատյանի դատարանի կողմից 01.04.2020թ. կայացված որոշման բեկանումը, գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչումը չէր ենթադրում կրկին խափանման միջոցի ընտրություն, այն պարզ պատճառով, որ այն արդեն իսկ ընտրված է, և այդ խափանման միջոցը կալանավորումն է: Ավելին՝ 2020 թվականի ապրիլի 24-ից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացվել են նմանատիպ մի քանի որոշումներ ևս, որոնք ի կատար են ածված:

Միաժամանակ կոչ եմ անում ոստիկանությանը տեղեկացնել հանրությանը, թե ինչո՞ւ մինչ այժմ չի կատարվում դատարանի որոշումը»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: