կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Իրավունքի նման բռնաբարություն ես չեմ տեսել քրեական արդարադատության ոլորտում աշխատելու պահից․ Վարոսյան

Իրավունքի նման բռնաբարություն ես չեմ տեսել քրեական արդարադատության ոլորտում աշխատելու պահից․ Վարոսյան

Գերասիմի դեպքն առաջինը չէ, երբ դատարանը որոշում է, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, հետո նախաքննական մարմինը որոշում է աստղաբաշխական գումարի չափով գրավ կիրառել, որից հետո կրկին դիմում է դատարան, որտեղ տեղի է ունենում «սխալների ուղղում» ու մարդը կալանավորվում է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ապօրինություններ ու մարդու իրավունքի խայտառակ ոտնահարումներ ես շատ եմ տեսել, միշտ բարձրաձայնել, միշտ պայքարել եմ դրա դեմ։ Բայց իրավունքի նման բացահայտ ու անթաքույց բռնաբարություն ես չեմ տեսել քրեական արդարադատության ոլորտում աշխատելու պահից` 2000 թվականից, նման բան չեմ լսել ինձնից շատ առաջ աշխատող իրավաբաններից։ Չկան իրավաբանական տերմիններ, որ կարող են այս երևույթը բնութագրել, քանի որ սա պարզապես սանձարձակ լկտիություն է։

Հ.Գ. Երևի թե չեմ զարմանում, որ ներկա ռեժիմի օրոք այս ամենը կարող է իրականություն դառնալ, բայց շարունակում եմ միամտորեն զարմանալ մեր նախկին շատ ընկերների վրա, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ միասին պայքարել են Հայաստանում իրավունքի գերակայության ու օրինականության հաստատման համար, բայց այսօր տեղավորվել են կամ տեղավորվում են ինչ-որ բառադի պաշտոնների ու լռում են։ Զարմանում եմ ապօրինությունն իրենց մաշկի վրա զգացած անձանց վրա, ովքեր այսօր ոչ միայն լուռ են, այլ գործուն մաս են կազմում այս ամենին։

 

Ի՞նչ ասել նրանց, ես չգիտեմ, երևի հայելու մեջ նայում են, իրենք իրենց ասում են»,-գրել է փաստաբանը։

  • Կիսվել: