շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Պարզվել է, որ Վաղաշեն համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման տարիներին՝ 2014-2017թթ. ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մի շարք յուրացումներ՝ համայնքապետարանին պատճառելով խոշոր չափի՝ 2.102.445 ՀՀ դրամ գույքային վնաս:

Բացի այդ, համայնքի ղեկավարի  օժանդակությամբ, 2017թ. հունվարից  մինչև 2018թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Վաղաշենի բնակիչը խաբեության եղանակով, որպես նպաստ ստացել է 712.500 ՀՀ դրամ գումար՝  պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Համայնքին և պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

  • Կիսվել: